
Երեխաներ ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան անզավակները

Երեխաներ ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում. այս եզրակացության են եկել շվեդ հետազոտողները երկրի մեկուկես միլիոն բնակիչների շրջանում կատարած դիտարկումների արդյունքում, տեղեկացնում է անելով BBC-ին:
Հետազոտողներն ուսումնասիրել են 1911 եւ 1925 թվականների միջեւ ընկած ժամանակաշրջանում ծնված եւ 60-ամյա տարիքի հասած տղամարդկանց ու կանանց կյանքի տեւողությանը վերաբերող տվյալները եւ եկել այն եզրակացության, որ թեկուզեւ մեկ երեխա ունեցող մարդիկ անզավակներից ավելի երկար են ապրել:
«60 տարեկան հասակում կյանքի սպասվող տեւողության տարբերությունը տղամարդկանց համար կազմում է 2 տարի, կանանց համար՝ մեկուկես»,-ասված է Journal of Epidemiology & Community Health հրատարակության հրապարակած ուսումնասիրության մեջ:
Իսկ 80 տարեկան հասակում, ըստ գիտնականների տվյալների, երեխաներ ունեցող տղամարդկանց մոտ միջին հաշվով պահուստում եղել է եւս 7 տարի եւ 8 ամիս այն դեպքում, երբ անզավակների մոտ եղել է միայն յոթ տարի: Կանանց համար այդ ցուցանիշները եղել են 9 տարի եւ 6 ամիս՝ 8 տարի 11 ամսվա դիմաց:
Աշխատության մեջ չի պնդվում, որ հենց երեխաներն են երկարակեցության բանալին: Սակայն ուսումնասիրողները կարծում են, որ տարբերությունը կարող է բացատրվել ֆինանսական եւ այլ օգնությամբ, որը երեխաները ցուցաբերում են ծնողներին, ինչպես նաեւ նրանով, որ զավակ չունեցող մարդիկ հաճախ նվազ առողջ կենսակերպ են վարում, քան նրանք, ովքեր թեկուզեւ մեկ երեխա ունեն: