
«Արցախի հարցում կգտնենք բանակցային այնպիսի տարբերակ, որի պարագայում հայ ժողովրդի արժանապատվությունը չի տուժի». Կարեն Կարապետյան

Հանրապետական կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ունի հետևողական ծրագիր, որպեսզի հայ ժողովրդի արժանապատվությունն ու դիրքը երբևէ չտուժի: Այդ մասին Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մեր կուսակցության ծրագրում անվտանգության և Արցախի խնդրի լուծման հարցում շատ հստակ ձևակերպում ենք տվել: Ակնհայտ է, որ բոլորս այսօր Արցախին վերաբերվում ենք որպես հայկական աշխարհի մի կտորի, որտեղ որոշվում է մեր արժանապատվությունը, մեր ինքնասիրությունը, մեր ազգի վաղվա օրը: Այս հարցում ունենք շատ հստակ, հետևողական ծրագիր, որն ուղղված է նրան, որպեսզի մեր արժանապատվությունն ու դիրքը երբևէ չտուժի: Բանակցային գործընթացում ունենալով այդ ուրվագիծը` մենք կարծում ենք, որ կգանք այնպիսի տարբերակի, որպեսզի պատերազմական ռիսկերը նվազեցնենք առաջին հերթին մեր ուժեղ լինելով»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով` եթե վաղը կամ մյուս օրը հակառակորդը վերադառնա բանակցային տրամաբանությանը, իրենք կգտնեն բանակցային այնպիսի տարբերակ, որի պարագայում հայ ժողովրդի ինքնասիրությունը, արժանապատվությունը և մեր ժողովրդի ներքին «Ես»-ը չի տուժի: