Հայաստանի աշխարհագրական դիրքն ու մյուս խնդիրները պարտադրում են ունենալ բարձրակարգ կրթական համակարգ
Հանրապետական կուսակցությունը և գործող կառավարությունը չափազանց կարևորում են կրթության ոլորտը, քանի որ դրանով է պայմանավորված մեր վաղվա օրը: «Մենք կրկնակի, եռակի պետք է շահագրգռված լինենք, որպեսզի ունենանք բարձրակարգ կրթական համակարգ, որովհետև այլ ելք չունենք` կախված մեր աշխարհագրական դիրքից և այլ խնդիրներից: Կրթական ոլորտի համար ունենք մեծածավալ ծրագիր, պետք է վերանայենք համակարգը, ներդնենք բիզնես, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթացներ, մեր երեխաներին բերենք ժամանակից աշխարհ»,- Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Միաժամանակ, վարչապետը նկատեց, որ դպրոցական համակարգում կան բազմաթիվ խնդիրներ: «Այսօր մեր դպրոցներում ուսուցիչների թիվն աշակերտների նկատմամբ, քառակուսի մետրն աշակերտների նկատմամբ անհամաչափ է, թվերը գերազանցում են բոլոր այն երկրների թվերը, որոնց կցանկանայինք նմանվել. այս բառը գուցե տեղին չէ, բայց այդ մակարդակն ունենալ»,- ասաց վարչապետը և նշեց, թե այդ պատճառով կա օպտիմալացման խնդիր:
«Ծախսերը բավարար չեն, բայց եղածն էլ ենք օգտագործում շռայլ, ոչ արդյունավետ, հետևաբար ավագ դպրոցի խնդիրն ակտուալ է, և մի քանի մարզերում ունենք հետաքրքիր լուծումներ: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում զուտ օպտիմալացման հաշվին տնտեսել ենք 267 մլն դրամ, որը ֆանտաստիկ գումար է, որը կարող ենք ուղղել այն դպրոցներին, սահմանամերձ համայնքներ, որտեղ ուսուցիչը չի ցանկանում գնալ ցածր աշխատավարձի պատճառով»,- ասաց նա: