
Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին

Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների սկսելը պատրիարքարան է ուղարկել գրություն, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը:
Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Նահանգապետարանի ուղարկած գրության մեջ նշվում է. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողմից համարվում է իրավաբանորեն անհնար»:
Պատրիարքարանում տեղապահի ընտրության նպատակով 2017-ի մարտի 15-ին հրավիրված հոգևորականների ժողովը մեկնարկել է ժամը 15:00-ին, իսկ գրությունը նահանգապետարանից պատրիարքարան է ուղարկվել ժամը 13:47:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրությունը հրապարակել է միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ ինքը պարտվել է տեղապահի ընտրություններում:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում: