Առողջապահությունը թիրախային ոլորտ է, որում կարող են արդարացի դժգոհություններ լինել. Նելսոն Զուլոյան
Մարզային առողջապահության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ մշակվելու և ներդրվելու են միջազգային պրակտիկայում գործող մոտեցումներ:
ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ղեկավար Նելսոն Զուլոյանն, ով այժմ կղեկավարի առողջապահության նախարարության աշխատակազմը, մանրամասներ է ներկայացրել նոր պաշտոնում անելիքների, ոլորտի բարեփոխումների եւ խնդիրների մասին:
-Նախ թույլ տվեք շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։ Դուք աշխատակազմ եք տեղափոխվում նախարարության կազմում գործող առանձին հիմնարկից, ինչպիսինն է Ձեր պատկերացումը ոլորտի ամենաբարձր հայեցողական պաշտոնիվերաբերյալ:
-Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարին վստահության համար։ Առաջին հերթին մեծ պատասխանատվություն եմ զգում։ Հայտնի է, ոլորտում դեռևս կան չլուծված խնդիրներ։ Իմ նպատակն է սատարել առողջապահության նախարարի և կառավարության կողմից մատնանշված բարեփոխումների` բոլոր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը:
-Որո՞նք են լինելու Ձեր, որպես աշխատակազմի ղեկավարի, առաջնահերթ քայլերը։
-Նախարար Ալթունյանի կողմից հստակ մատնանշվել են այն բոլոր հարցերը, որոնք պետք է լինեն իմ մշտական ուշադրության և հսկողության ներքո։ Դրանցից են կառավարման արդյունավետության բարձրացումը, կադրային քաղաքականության նոր մոտեցումների մշակումը, գնումների ոլորտի բարեփոխումը և այլն։
-Պարոն Զուլոյան, գաղտնիք չէ, որ ազգաբնակչության շրջանում առկա է որոշակի դժգոհություն առողջապահության համակարգից, ի՞նչ է նախատեսվում անել այդ ուղղությամբ` հատկապես հաշվի առնելով ներկայումս ընթացող նախընտրական պայքարը:
-Ես չէի կապի առողջապահության համակարգի բարեփոխումները նախընտրական շրջանի հետ։ Այս ոլորտը մշտապես գտնվում է հանրապետության բարձրագույն ղեկավարության անմիջական ուշադրության ներքո: Այնուամենայնիվ, ընդգծեմ, որ մենք մշտապես հետամուտ ենք նախընտրական բոլոր խոստումների իրականացմանը: Բացառություն չեն նաև այս ընտրությունները։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի, ոլորտին առնչվող ՀՀ Նախագահի բոլոր հանձնարարականները և ՀՀ Վարչապետի նախընտրական բոլոր խոստումները կյանքի կոչվեն:
Ինչ վերաբերում է դժգոհություններին, ապա առողջապահությունն այն ոլորտն է, որի հետ ամեն օր առնչվում են ազգաբնակչության լայն շերտերը։ Բնական է, որ արդարացի դժգոհությություններ ևս կարող են լինել։ Շատ երկրներում է առողջապահությունը թիրախային ոլորտ։ Աշխատակազմի խնդիրն է վերականգնել հասարակությունբժիշկ փոխադարձ հարգանքի և վստահության վաղեմի հարաբերությունները` մի
կողմից բուժաշխատողի նկատմամբ վստահության և հավատի ամրապնդումը, մյուս կողմից` հիվանդի նկատմամբ հոգատարության և պատասխանատվության զգացումի բարձրացումը։
-Մարզերում բնակվում է մեր քաղաքացիների 2/3ը։ Որակյալ բուժօգնություն ստանալու համար շատերը դեռևս գալիս են Երևան։ Նախարարությունն այս խնդրի ինչպիսի՞ լուծում է տեսնում։
-Բնականաբար, քաջատեղյակ եմ այդ խնդրին։ Մինչ աշխատակազմի ղեկավար նշանակվելը ես ղեկավարել եմ առողջապահական ԾԻԳը, որի ծրագրերի մեծ մասն իրականացվում է մարզերում։ Սկզբունքը սահմանվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից. այն է` քաղաքացին պետք է հնարավորություն ունենա որակյալ բուժօգնություն ստանալ իր բնակավայրին հնարավորինս մոտ։ Մենք շարունակելու ենք առաջնորդվել այդ քաղաքականությամբ։ Առավել ինտենսիվ և առարկայական ենք դարձնելու մեր շփումները ոլորտի մարզային պատասխանատուների հետ, մշակելու և ներդնելու ենք նոր, սակայն միջազգային պրակտիկայում գործող մոտեցումներ մարզային առողջապահության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որի վերջնական նպատակն է մարդկանց առողջության պահպանման ներկայիս մակարդակի բարձրացումը և որակի բարելավումը։
-Եվ վերջին հարցը։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ դեռ պաշտոնապես չնշանակված Դուք փաստացի իրականացնումէիք աշխատակազմի ղեկավարի գործառույթները։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
-Աշխատակազմը ղեկավարելու առաջարկությունը ստանալուց հետո ես պարբերաբար, կասեի` հաճախակի, այցելել եմ նախարարություն` աշխատակազմի գործերին ծանոթանալու նպատակով, ինչը թյուր մեկնաբանությունների տեղիք է տվել: