«Զարմանալի է, որ Ադրբեջանի դեսպանությունում նրան չեն սովորեցրել այդ կանոնները». Ստեփան Գևորգյան

ՀՀ դեսպանության կցորդ Ստեփան Գևորգյանի մեկնաբանությունը վերջերս եգիպտական լրատվական կայքերից մեկում տեղ գտած՝ Ադրբեջանի դեսպանության խորհրդատուի ապատեղեկատվական հոդվածի վերաբերյալ.

«Մենք խիստ ավելորդ ենք համարում բանավեճի մեջ մտնել ճշմարտության մասին հիվանդագին պատկերացումներ ունեցող, ոչ կոմպիտենտ, այսպես կոչված խորհրդատուների հետ:

Մեր համոզմունքն է, որ պրոֆեսիոնալ ԶԼՄ-ները չպետք է տուրք տան նման պրովոկացիոն և լրագրության կանոններին հակասող նյութերին։

Հասկանալի է պարոն Մաշադի՝ իր պատվիրատուներին գոհացնելու ձգտումը, սակայն խորհուրդ կտայինք չմոռանալ խղճի մասին։

Իհարկե, ծիծաղելի է, երբ դիվանագիտության ազատության և ազնվության մասին խոսում է մի մարդ, ով պատկերացում չունի դիվանագիտական էթիկայի և կանոնների մասին։ Սակայն զարմանալի է, որ Ադրբեջանի դեսպանությունում տասը տարվա ընթացքում նրան չեն սովորեցրել այդ կանոնները։

Ինչ վերաբերում է հեղինակի անհիմն պնդումներին և հայտարարություններին, ապա դրանք նույնությամբ կրկնում են Բաքվի տոտալիտար ռեժիմի զառանցանքները, որոնց նպատակն է քսենոֆոբիայի, ռասիզմի և այլատյացության տարածումը։ Մեզ համար դա նորություն չէ, և մենք ստիպված ենք այդ նույն ձայնագրությունը լսել ավելի քան քսանհինգ տարի։

Ցավում ենք, որ այսպիսի էժանագին նյութերով փորձ է կատարվում Եգիպտոսի հանրությանը մոլորության մեջ մտցնել: Սակայն վստահ ենք, որ սա ի սկզբանե դատապարտված է տապալման, քանի որ Եգիպտոսի հազարամյա բազմամշակութային հանրության մեջ ռասիստական երևույթները չեն կարող տեղ ունենալ»:

Տեսանյութեր

Լրահոս