Բաժիններ՝

«Այս պահին կուտակիչների վրա ներդրում կատարելը բացարձակապես առավելություն չի տա մեզ». Հայկ Հարությունյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նախատեսում է այս տարի էներգետիկ շուկայի ազատականացման օրենսդրական փաթեթ ներկայացնել ՀՀ կառավարություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Դա, ԵՏՄ-ի ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ստեղծման համատեքստում, կարող է տնտեսական նախադրյալներ ստեղծել կուտակիչներ ունենալու համար։ Կուտակիչների շուկայի զարգացումը մշտադիտարկման տակ է գտնվում մեր կողմից, և ունենք հստակ պատկերացում այն մասին, թե ներկա պահին ոլորտը ինչ վիճակում է, և ինչ զարգացումներ կարող ենք ակնկալել։ Ավելին՝ վարել ենք մի շարք բանակցություններ արտադրողների հետ և ունենք հստակ պատկերացում դրա տնտեսական և տեխնիկական լուծումների մասին»,- նշել է Հայկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի արտադրության կառուցվածքը և խոշոր էներգետիկ նշանակության ջրամբարները, արդյունավետ պիկային ջերմային կայանները և, ամենակարևորը, Հայաստանի հարևանների հետ կատարվող ամենժամյա փոխհոսքերը, այս պահին կուտակիչների վրա ներդրում կատարելը բացարձակապես տնտեսական և տեխնիկական առավելություն չի տա մեզ։

«Ուրիշ հարց է, եթե հանկարծ խաթարվի առևտուրը Իրանի հետ, կամ մոտ ապագայում այնքան փոփոխական էներգիայի աղբյուր ունենանք, որ ռեժիմների կարգավորման խնդիր ունենանք, ապա այդ ժամանակ հարցին լուծում կարող ենք տալ»,- նշել է նախարարի տեղակալը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս