«Արցախի Հանապետության ժողովրդի պայքարը ինքնորոշման համար է». Վիգեն Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հարկավոր է լիարժեք հասկանալ դրա էությունը: Ռուսական RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Արցախի Հանապետության ժողովրդի պայքարը ինքնորոշման համար է: Այդ պայքարը համահունչ է ինչպես այն ժամանակ ԽՍՀՄ օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավական նորմերին: Այն ամենը, ինչի մասին բարձրաձայնում էր Լեռնային Ղարաբաղ ժողովուրդը, լիարժեք մտնում է այն գործընթացների տրամաբանության մեջ, որոնք ձևավորում էին 20-րդ դարի աշխարհա- քաղաքական քարտեզը:  Սակայն Արցախի ժողովրդին հակադրվեց ռազմական ճանապարհը և 4 տարվա ընթացքում շրջակա բարձունքներից հեշտ խոցելի ազգը ստիպված էր պայքարել իր գոյության համար: Ամեն օր Ստեփանակերտի, Շուշիի, փոքր այլ քաղաքների վրա տասնյակ ռումբեր էին գցում ու ավիահարվածներ հասցնում,  հրետակոծում էին»,- նշել է Սարգսյանը:

Նա հավելել է, որ չնայած ուժերի և ռեսուրսների անհամաչափությանը, Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր ինքնորոշման իրավունքը: «Արդեն ավելի քան 23 տարի Արցախում մեծանում է անկախության սերունդը, մարդիկ, ովքեր այլ պետության կազմում չեն ապրել և նրանք իրենց սուվերենությունը ընդունում են որպես անհերքելի իրողություն»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է` երկրի անկախության ճանաչման եղանակով:

«Չնայած այն հանգամանքին, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ` այդ երկրի բնակչությունը կարողացավ ապացուցել, որ նույնիսկ այդ պայմաններում հնարավոր է կառուցել սեփական անվտանգության համակարգը, դատաիրավական համակարգը, երկրի կառավարման ժողովրդավարական ինստիտուտները: Ես կարծում եմ, որ առանց այս իրողությունները լիարժեք հաշվի առնելու հակամարտության կարգավորումն անհնար է»,- հավելել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս