«Հայաստանի արդյունաբերական պոտենցիալը ոտնահարված է». Արթուր Բաղդասարյան
«Հայկական Վերածնունդ» (նախկին «Օրինաց Երկիր») կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ Հայաստանի արդյունաբերական պոտենցիալը ոտնահարված է. «Չկա երկիր՝ առանց արտադրության: Ի՞նչ վիճակում են Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունները: Մենք առաջարկում ենք ստեղծել արդյունաբերության զարգացման հիմնադրամ ու դրա միջոցով ֆինանսավորել գրավիչ ներդրումային ծրագրերը»:
Նա նշեց, որ Երևանի բյուջեում հսկայական գումարներ են հավաքվում, որոնք կարելի է տրամադրել համայնքային բնակարանների շինարարությանը, որի շնորհիվ, նրա համոզմամբ՝ մարդիկ դուրս կգան հանրակացարաններից:
«Լիքը իրատեսական ծրագրեր կան, որոնք հնարավոր է և անհրաժեշտ է անել: Մեկը փող չունի՝ չի կարողանում հետազոտվել: Ասում են՝ փող չունես, գնա-մեռի: Մենք ասում ենք՝ ո՛չ, կա պետություն, կա պետական բյուջե: 85 միլիարդ տալիս են առողջապահության համակարգին, որի 15-20 միլիարդը պետպատվերն է: Ասում ենք՝ այնպես արեք, որ ոչ թե գնան դեպուտատներին նամակ գրեն, նախարարների դռների մոտ կանգնեն, այլ գումարի չափով սերտիֆիկատ տպեն, տան այդ մարդկանց: Դա քո հարկերից հավաքված գումարն է, որ տրվել է առողջապահության համակարգին»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր գործում է պետպատվերի արատավոր համակարգ:
Նրա խոսքով՝ այս ամենը չի արվում, որովհետև կոռուպցիոն ռիսկեր կան. «Որ անեն՝ որտե՞ղ ձեռքերը տաքացնեն, որտեղի՞ց մաղարիչ վերցնեն»:
Բաղդասարյանի խոսքով՝ այսօր 9 կուսակցություն պայքարում է իշխանություն դառնալու համար. «Հո չե՞ն պայքարում, որ մնան ընդդիմություն: Որ մնան ընդդիմություն՝ կկարողանա՞ն իրենց ծրագրերն իրականացնել, իհա՛րկե ոչ»: