«Նույնիսկ ՆԱՏՕ-ի նման միությունն է այսօր երերում». Լուկյանովը անհնարին է համարում Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա միությունը

«Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի Զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա միության մասին խոսք անգամ լինել չի կարող:

«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ թեւակոխել ենք մի ժամանակաշրջան, երբ միության մասին նախկին պատկերացումներն այլեւս գոյություն չունեն. նույնիսկ ՆԱՏՕ-ի նման միությունն է այսօր երերում: Կարող եմ ասել, որ երբ հայտնվում  է մի եռանկյունի՝ օրինակ՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան, որը փորձում է ինչ-որ բան անել Սիրիայում, սա ինձ համար ոչ մի դեպքում չի կարող նշանակել, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը դաշնակիցներ են:

Պարզապես ինչ-որ կոնկրետ իրավիճակում մասնակիորեն համընկել են նրանց շահերը, եւ նրանք փորձում են նպաստել կոնկրետ ինչ-որ մի հարցի լուծմանը: Ինչ վերաբերում Ռուսաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային, իհարկե ոչ մի միություն էլ այստեղ չկա, նույնիսկ չէի էլ ասի, որ հարաբերությունների հեռանկար կա»,- ասաց նա:

Վերլուծաբանի խոսքով՝ այս երկրները եւս ունեն ընդհանուր շահեր ու դիտարկում են՝ որտեղ կարող են դրանք համընկնել:

Կարդացեք նաև

«Հասկանում  եմ, որ այս հարցը Հայաստանում, գուցե, այլ կերպ ընդունվի, բայց ցանկանում եմ՝ եւս մի բան հասկանանք, որ սա ո՛չ դաշնակցություն, ո՛չ էլ  միություն չէ, հնարավոր էլ չէ այդպիսի բան:

Պետք է պարզապես առանձին նայել երկրների դիրքորոշումներին եւ դիտարկել հատման կետերը, որոնք ըստ իս՝ բավականին համեստ են:  Այն, որ Ռուսաստանը հարաբերություններ է հաստատում բոլոր նրանց հետ, ում անհրաժեշտ է համարում, կասկած չկա, սակայն Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ այս ուղղությամբ ցանկացած քայլ կատարելիս Հայաստանին՝ որպես դաշնակցի, պետք է ներկայացնի, որ դա որեւէ սպառնալիք չի հանդիսանում»,- ասաց ռուս վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ-Թայիփ Էրդողանը Ռուսաստան կատարած այցի շրջանակում հայտարարել էր Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան միության ձեւավորման մասին:

Տեսանյութեր

Լրահոս