Ինչպես է Հայաստանը 1800 մարդատար մեքենա արտահանել
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային ծառայության հրապարակած տվյալների մեջ, որոնք վերաբերում են 2016 թվականի ՀՀ արտաքին առևտրին, բավականին անսպասելի և անհասկանալի իրողություններ կարելի է հանդիպել։
Պարզվում է՝ 2016 թվականին կտրուկ ավելացել է Հայաստանից մարդատար ավտոմեքենաների արտահանումը։ Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 1800 հատ մարդատար ավտոմեքենա՝ մոտավորապես 7.8 մլն դոլար մաքսային արժեքով։ 2015 թվականին, ինչպես տեսնում եք, արտահանվել էր 120 մեքենա։
Հայաստանում մարդատար ավտոմեքենաներ չեն արտահանվում, սակայն տարվա կտրվածքով 100-150 մեքենայի արտահանումը հասկանալի է՝ դրանք կարող են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վերավաճառվել այլ երկրներ։ Սակայն այսպիսի թռիչքը՝ 1800 մեքենա, արդեն անհասկանալի է։
Քանի որ արտաքին առևտրի ցուցանիշներ հրապարակում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը, որոշեցինք թվերը ստուգել նաև այդ աղբյուրից։ Սակայն ամեն ինչ է՛լ ավելի խճճվեց։
ԵՏՀ այս բազայում ներկայացված է ԵՏՄ անդամ-երկրներից արտահանման ծավալները դեպի երրորդ երկրներ՝ ըստ առանձին ապրանքախմբերի։
Ինչպես տեսնում եք՝ 2016 թվականին ԵՏՄ երկրներից դեպի երրորդ երկրներ արտահանվել է 46937 հատ մարդատար ավտոմեքենա՝ 824.5 մլն դոլար մաքսային արժեքով։
Այդ 824.7 միլիոն դոլարից 1.7%-ը բաժին է ընկնում Հայաստանին։ Այսինքն՝ ըստ ԵՏՀ տվյալների բազաների՝ Հայաստանից 2016 թվականին արտահանվել է 14 մլն դոլարի մարդատար ավտոմեքենա։ Այսինքն՝ գրեթե կրկնակի անգամ ավելի շատ (արժեքով), քան ՀՀ մաքսային ծառայության տվյալներով։
Նշենք նաև, որ ԵՏՀ տվյալների համաձայն՝ Հայաստանից արտահանված 14 մլն դոլար արժեքով մարդատարների մեծ մասը՝ 7.7 մլն դոլարը, գնացել է Արաբական Միացյալ էմիրություններ։
Իհարկե, շատ կցանկանայինք հավատալ, որ Հայաստանում սկսել են մարդատարներ արտադրել, սակայն դրան հավատալը այս ապհին անհնար է։ Հուսով ենք՝ Պետական եկամուտների կոմիտեն կպարզաբանի այս անհասկանալի թվերը։