«Եթե նկարահանող գրիչ տեսնեք, առեք-տուն տարեք հետներդ». Կիրո Մանոյան

Աբովյան քաղաքում նախընտրական հանդիպման ընթացքում ՀՅԴ  Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը խոսեց կուսակցության ծրագրի մասին:

Կիրո Մանոյանն ասաց, որ մարդիկ խոսում են Արցախի մասին, բայց միակ կուսակցությունը, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետություններում, թե՛ Սփյուռքում կառույց ունի, ՀՅԴ-ն է: Նա նշեց, որ իրենք դեմ են եղել Արցախում առաջարկվող սահմանադրական փոփոխություններին, քանի որ գերնախագահական համակարգին դեմ են, համոզված են, որ ճիշտ ձևը կառավարման խորհրդարանական համակարգն է: «Դա, բնականաբար, չի նշանակում, որ նեղացել ենք ու պիտի տուն գնանք, գործ չպիտի անենք: Ո՛չ: Մեր մոտեցումը միշտ դա է եղել՝ մեր նպատակների մեջ անշեղ ենք, բայց դա չի նշանակում, որ պիտի ներքին թշնամիներ ունենանք»,- ասաց Կիրո Մանոյանը՝ նշելով, որ իրենք համոզված են՝ Արցախն ի վերջո Հայաստանի Հանրապետության մաս պետք է կազմի: «Արցախի վերամիավորումն  ազատ, անկախ, միացյալ Հայաստան կերտելու մեր ընդհանուր նպատակի մեկ մասն է»,- հավելեց նա:

Անդրադառնալով  Ջավախքի հայության իրավունքներին՝ Կիրո Մանոյանն ասաց, որ հարկավոր է սերտացնել հարաբերությունները Վրաստանի հետ, որովհետև դրանք և՛ պատմական հիմք ունեն, և՛ շատ այլ օբյեկտիվ պատճառներ: «Անկախ նրանից, թե արտաքին ջակատում անվտանգության տեսանկյունից մեզնից յուրաքանչյուրը՝ Վրաստանը կամ Հայաստանը որ ճամբարում են, մենք պետք է կարողանանք գործակցել միմյանց հետ շատ ավելի սերտ ձևով, ոչ թե՝ ի վնաս Ջավախքի հայության: Դրա համար Ջավախքի հայությունը չպետք է գին վճարի: Ընդհակառակը, այդ հարաբերությունների սերտացման արդյունքներից մեկը նաև պետք է լինի Ջավախքի հայության և ընդհանրապես վիրահայության իրավունքների պաշտպանությունը»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը խոսեց Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ հարկավոր է ետ վերցնել, չեղարկել ստորագրությունները Հայաստան-Թուրքիա արձանագրություններից, քանի որ նույնիսկ չվավերացված վիճակում դրանք վտանգ են: Նա կոչ արեց ապրիլի 2-ին անպայման մասնակցել քվեարկությանը և համոզված լինել՝ ներդրված համակարգում յուրաքանչյուր քվե արժեք է: «Մի մտածեք, որ արդյունքները, միևնույն է, եզրակացված են: Չկա այդպիսի բան: Եթե այդպիսի քարոզչություն անողներ կան, դա, ընդհակառակը, նրա համար է, որ դուք քվեարկության չգնաք՝ ասելով, որ միևնույն է՝ գնամ, չգնամ, ինչպես էլ քվեարկեմ, արդյունքը նույնն է լինելու: Այդպես չէ, ժողովո՛ւրդ ջան»,- ասաց նա՝ հորդորելով լավ մտածել, ո՛չ կաշառքով համոզվել, ո՛չ ճնշումներից վախենալ:

Կարդացեք նաև

«Այդ խցիկում դուք մենակ եք, նայող չկա, խաբում են, եթե ասում են, որ վերահսկվում է: Ինչեր էին ասում՝ գրիչ կտան, սա կտան, նկարահանող գրիչ… եթե նկարահանող գրիչ տեսնեք, առեք-տուն տարեք հետներդ: Նման բան չկա: Հուսով եմ՝ ապրիլի 2-ին ձեր ձայնը մեզ կտաք»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս