«Սա նախագահական ընտրություն չէ, նախագահ չենք ընտրելու, թագավոր չենք ընտրելու». Կիրո Մանոյան
Հայ Հեղափոխական դաշնակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզում են: Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում քաղաքացիների հետ հանդիպում են Կոտայքի մարզում ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները, ինչպես նաև Կիրո Մանոյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը խոսեց ընտրությունների մասին: «Սա նախագահական ընտրություն չէ, նախագահ չենք ընտրելու, թագավոր չենք ընտրելու: Ընտրելու ենք թիմ. մի թիմ, որ ունի գաղափար, ծրագիր, մի թիմ, որը կարող է աշխատել՝ որպես թիմ: Նայեք մնացած ութ կուսակցություններին և տեսեք՝ նրանցից ո՞ր մեկը կարող եք համարել թիմ, որն ունի միասին աշխատելու փորձ, իսկապես գաղափարախոսություն ունի, ծրագիր: Խոսքը չի վերաբերում ընտրությունից ընտրություն նախընտրական ծրագրեր պատրաստելու, ժողովրդին բաժանելու մասին»,- ասաց Կիրո Մանոյանը՝ նշելով, որ մինչ այստեղ գալը նայել է նախորդ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի ծրագիրը:
Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն յոթ կետից բաղկացած պլատֆորմ էր ներկայացրել, որոնցից մոտ 40 տոկոսն իրականացվել է, հատկապես նրանք, որոնք համակարգային փոփոխություններին են վերաբերում:
«Պետական կառավարման համակարգային փոփոխություններ, որի մասին նախորդ խորհրդարանական և ապա՝ նախագահական ընտրությունների ժամանակ խոսում էինք, իսկապես արել ենք: Իսկ եթե նայեք, մենք 2009թ. մինչև 2016թ. փետրվարը եղել ենք ընդդիմություն, բայց այդ ամբողջ շրջանում աշխատել ենք: Աշխատել ենք՝ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում ունենալով ընդամենը 5 տեղ: Նայեք՝ հինգ տեղ ունեցող այլ կուսակցություններից ո՞րն մեկն է մեր չափ աշխատել և արդյունք բերել: Ընտրությունը սրանց մեջ է:
Կարող է մեկը լավ մարդ լինել, բայց նախագահ լինելու պետք անպայման չունի, որովհետև նախագահ չենք ընտրում: Կարող է՝ լավ բարեգործություն է անում, լավ գործարար մարդ է, բայց մենք արդեն Ամերիկայի դեպքում տեսնում ենք, որ, եթե գործարար մարդն իրականում չի խառնվել քաղաքականության մեջ, ինչ պատկեր է ներկայացնում երկրին, ինչ վիճակի կարող է մատնել:
Դրա համար պետք է թիմ ընտրել. թիմ, որ ոչ թե վերջին պահին ձևավորված ինչ-որ դաշինք է, ինչ-որ անձերի, անունների շուրջ հավաքված դաշինք, անձեր, որոնք այլապես իսկապես իրար հակառակ են եղել, իրար հակառակ քաղաքական ուղղություններ են ունեցել, նաև անձեր, որոնք ունեն իրենց կողմից հիմնադրված կուսակցություններ, որոնց անունները տալ կարծես ամաչում են և փորձում են իրենց անվան վրա շեշտ դնել: Բայց անձ չէ, որ ընտրում ենք: Այս համակարգով ընտրում ենք թիմ, պետք է նայել, թե ով կարող է լինել թիմը, որը կիրականացնի ծրագրերը, որ ունի:
Կան նույնիսկ կուսակցություններ, որոնք անուն են փոխել: Անուն են փոխել, եթե նույնիսկ դեմքերը նույնն են մնացել: Իսկ եթե դեմքերը նույնն էին մնալու, ինչո՞ւ են անուն փոխել: Մենք նման խնդիրներ չունենք: Մենք բաց ճակատով ներկայանում ենք ժողովրդին, որովհետև բացահայտ է, թե ինչ ծրագիր ենք ժողովրդին ներկայացրել, ինչքան քվե ենք ստացել ժողովրդից և այս ստացած մանդատներով ինչ գործ ենք կատարել: Իսկապես, խորհրդարանում մեկ այլ ուժ ցույց տվեք, որ ընդամենը հինգ տեղ ունի 131 մանդատից և կատարել է այնքան աշխատանք, այնքան իրագործումներ ունի, որքան մենք: Չեք գտնի»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նա նշեց, որ չի ցանկանում՝ մարդիկ տարվեն այն խոստումներով, թե կաշառք են տալու: «Ինչքան էլ կաշառք տան, վստահ եղեք, որ առաջիկա հինգ տարիներին դուք դրա տասնապատիկը, հարյուրապատիկը հետ պիտի տաք նրան, ով ձեզ այդ կաշառքը տալիս է: Կաշառքը երկնքից մանանա չէ: Կաշառքը մի տեղից բերում են, վերջը ժողովրդից են վերցնում: Դրա համար ավելի ճիշտ կանեք, որ չտարվեք կաշառքով, քվեարկեք գիտակցաբար, ճիշտ թիմին»,- ասաց Կիրո Մանոյանը: