Բաժիններ՝

«Բագրատաշենով ցիտրուսներ, լվացքի պարագաներ են բերում Հայաստան, ու 3-4 անգամ բարձրանում է գինը». Միքայել Մելքումյան

«Շատ բաներ ենք արձանագրել, սահմանամերձ գոտիներում համայնքների վիճակը ծանր է, մարդիկ գնում են արտագնա աշխատանքի, եկամուտներ չունեն, վարկերի տակ են: Նույնը կարելի է ասել տարբեր մարզերի մասին: Երեկ Գեղարքունիքում էինք, օրինակ` Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն, Գեղահովիտ, Երանոս գյուղերը մի քիչ ավելի բարվոք են, մարդիկ այդ գյուղերից շատ են գնում արտագնա աշխատանքի, և իրենց տներն ավելի բարվոք են, բայց նույն խնդիրները կան` ճանապարհի, վարկերի, ոռոգման ջրի, գյուղմթերքի իրացման, դրանք հատուկ են բոլորին, բայց մի մարզում մի կերպ են ընդգծված, մյուսում` այլ կերպ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը` ամփոփելով անցած շաբաթվա ընթացքում ՀՀ տարբեր մարզերում ընտրողների հետ հանդիպման արդյունքները:

Ըստ նրա` Բագրատաշենով ցիտրուսներ, լվացքի պարագաներ և այլ ապրանքներ են բերում Հայաստան ու միանգամից 3-4 անգամ թանկանում է այդ ապրանքը, երբ տարբերությունը մաքսիմում 30 դրամ պիտի լիներ.

«Ընտրողների հետ հանդիպումներում այդ խնդիրները քննարկվում են, բոլորն ասում են, որ իրավիճակը փոխել է պետք, ոչ մի ընտրող չեմ տեսել, որ գոհ լինի ու ասի` թող մնա նույնը: Իշխանությունն էլ է դա ասում, այսինքն` լավ չի, որ ուզում են փոխեն: Բայց լավ չլինելու չափ կա: Համընդհանուր վատ է, և դա փաստ է»:

Հարցին, թե քաղաքացիներն ընտրություններով հետաքրքրվա՞ծ են, թե՞ ավելի շատ անտարբեր են, Մ. Մելքումյանը պատասխանեց.

«Միանշանակ, հետաքրքրված են: Տարբեր մարզերի մեջ տարբեր առանձնահատկություններ կան, տեղ կա, որ միայն տղամարդիկ են հավաքվում, տեղ կա` նաև կանայք, տարբեր առանձնահատկություններ կան: Տեղ կա, որ պետական աշխատանքից չզրկվելու համար չեն ուզում գալ հանդիպել, գուցե անգամ չկա նման սպառնալիք, բայց մարդիկ նման խնդիր են տեսնում: Իսկ ընտրողները շատ ակտիվ են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս