«ՀՀ-ում ռուսական ռազմաբազան լուրջ պատասխան է տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր սպառնալիքներին». Վիգեն Սարգսյան

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը լուրջ պատասխան է տարածաշրջանում Թուրքիայի կողմից հնարավոր սպառնալիքներին: Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական ջերմ հարաբերություններին և Հայաստանի վրա դրա ազդեցությանը:

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրվեց հայ-ռուսական համատեղ խմբավորումների ստեղծման մասին համաձայնագիր և Հայաստանում 102-րդ ռազմական բազան հանդիսանում է լուրջ պատասխան տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր սպառնալիքներին»,-  ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանին հաջողվի ունենալ կանխատեսելի ու հասկանալի Թուրքիա, դա կարող է բխել նաև Հայաստանի շահերից:

Նա միաժամանակ նկատեց, որ հայ ժողովրդի շրջանում կա տխուր հիշողություն անցյալից, երբ սովետական իշխանությունները տարբեր պայմանագրեր են կնքել թուրքական կառավարության հետ: «Բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է դիտարկենք, թե ինչպես են ռուս-թուրքական հարաբերություններն անդրադառնալու տարածաշրջանի վրա»,- նշեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս