«Քաղաքական Լիդերություն». Մարիամ Մարգարյան

Հայ ընթերցողին է ներկայացվում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մարգարյանի «Քաղաքական Լիդերություն» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 10-ին «Նոյյան Տապան» գրախանութում:

Գրքում հեղինակը համակողմանի ուսումնասիրել է քաղաքական լիդերության ձևավորման, կայացման և արդիականացման բազմաշերտ գործընթացները: Հենվելով զարգացած երկրներում լիդերության ինստիտուտի գործառման մեթոդների, տեսական մոտեցումների և կերպափոխման փորձի վրա՝ հեղինակը քննարկման հատուկ նյութ է դարձրել քաղաքական լիդերի տիպաբանությունը, կայացման շարժառիթները, ինչպես նաև անդրադարձել է քաղաքակրթական լինելիության հիմնախնդիրներին:

Մարիամ Մարգարյանը պատասխանեց, թե ինչո՞ւ՝ հենց «լիդերություն».

«Այսքան տարվա իմ դասախոսական աշխատանքից հասկացել եմ մի բան, որ մենք խնդիր ունենք քաղաքական համակարգերի ինստիտուցիոնալ կայացման հետ: Իսկ այդ գործընթացում խիստ որոշիչ է լիդերի դերը, կարևոր է ոչ թե՝ էմոցիոնալ պահանջներ ներկայացնել այս ինստիտուտին, այլ պետք է ռացիոնալ գնահատել ինստիտուտի դերը»:

Հեղինակի դիտարկմամբ` գիրքը քաղաքականացված չի. «Ես փորձել եմ քաղաքական գիտության տիրույթներում դիտարկել այդ խոշոր ինստիտուտի պատասխանատվության, գործունակության, հաղորդակցման այս բարդ գործառույթները, որոնք ամբողջ երկիրը, որպես այդպիսին, դարձնում են քաղաքական արդիականացման և զարգացման գործընթացի ուղենիշ: Մայրուղի է դուրս գալիս երկիրը, և ամենակարևորը՝ ձերբազատվում է քաղաքականության մեջ այդքան էմոցիոնալ ընկալումներից»:

Գրքում թարգմանված չեն «էլիտա» և «լիդեր» բառերը, ու կարևորված են լիդերների և էլիտաների փոխհարաբերությունները քաղաքական արդիականացման պայմաններում. ««Էլիտա» և «լիդեր» եզրույթների առաջնորդումն ավելի շատ սոցիալ-հոգեբանական վիճակ է, իսկ լիդերությունը` և՛ սոցիալական-հոգեբանական, և՛ սահմանադրաիրավական»:

«Սա իմ առաջին փորձն է, ներողություն, եթե թերություններ գտնեք այն իմաստով, որ հայերեն բավականին բարդ է քաղաքական լեզուն այսքան թարգմանել»,- հավելեց Մարիամ Մարգարյանը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս