Բաժիններ՝

«Հենց մենք կարողանանք կայունացնել տնտեսական իրավիճակը, մենք կկարողանանք կայուն աճ գրանցել 2018 թվականից». Կարեն Կարապետյան

Տնտեսությունը կայուն հիմքերի վրա դնելու համար Հայաստանը պատրաստ է իրականացնել ժողովրդականություն չվայելող քայլեր, այդ թվում՝ պետական ծախսերի կրճատում և մասնավոր ներդրումների խոչընդոտների վերացում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

«Հայաստանում կիրականացվեն կանոնավոր կառուցվածքային բարեփոխումներ, անգամ եթե այդ բարեփոխումները ժողովրդականություն չվայելեն»,-  ասել է վարչապետը հարցազրույցի ժամանակ:

Գործակալությունը հիշեցնում է, որ ընթացիկ տարում վարչական ծախսերը կրճատելը և բյուջեի դեֆիցիտը 2016 թվականին ակնկալվող ազգային արտադրանքի ընդհանուր ծավալի 5,9 տոկոսից 2,7 տոկոսի կրճատելու ծրագրերը կարող են ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա: Քայլերն անհրաժեշտ են, ասել է վարչապետը: «Դա կունենա բացասական ազդեցություն… բայց մենք ցանկանում ենք փոխհատուցել դա մասնավոր ներդրումների միջոցով: Ես կարծում եմ՝ մենք կկարողանանք դիմակայել և հասնել այս տարվա համար 3,2 տոկոսի տնտեսական աճի»,- ասել է Կարեն Կարապետյանը` ավելացնելով, որ կառավարությունը կկենտրոնանա կոռուպցիայի դեմ պայքարի և «բոլոր խոչընդոտները վերացնելու վրա, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը»:

«Հենց մենք կարողանանք կայունացնել տնտեսական իրավիճակը, մենք կկարողանանք կայուն աճ գրանցել 2018 թվականից»,- ասել է Կարեն Կարապետյանը`հավելելով, որ կառավարությունը պատրաստում է տնտեսական զարգացման ծրագիր, որը 2018 թվականից կփորձի հասնել 4-5 տոկոս տնտեսական աճի:

Վարչապետը նշել է, որ Ռազմավարական նախաձեռնությունների նոր կենտրոնը կմշակի մասնավոր սեկտորի հետ կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծեր և ավելացրել, որ «իրատեսական» է փորձել այս տարի ներգրավել 850 միլիոն դոլարի ներդրումներ, որոնց զգալի մասը կլինի մասնավոր հատվածից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս