««Ելք» դաշինքն այնպիսի երկիր է առաջարկում, որտեղ դուք ինքներդ ձեր գումարով կգնաք վարսավիրանոց»

Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց ՀՀ օրհներգով մեկնարկեց «Ելք» դաշինքի հանրահավաքը։

Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը նախ շնորհավորեց կանանց՝ մաղթելով ապրել այնպիսի Հայաստանում, որտեղից մարդիկ չեն հեռանում, որտեղ մարդիկ բուհն ավարտելուց հետո չեն մտածում՝ ինչով զբաղվել, որտեղ չկա կաշառակերություն, մարդու իրավունքներն ամենօրյա ռեժիմով չեն խախտվում։

««Ելք» դաշինքը մարդու իրավունքների պաշտպանության դաշինք է, և մենք շատ բարձր ենք գնահատում կանանց դերը քաղաքականության մեջ, մեր կյանքում»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ դաշինքի ցանկում լուսավոր դեմքեր են ընդգրկված, ովքեր պայքարում են «մութ, գորշ, գաղջ, ճահճապահպանման ուժերի դեմ»։

Կարդացեք նաև

Էդմոն Մարուքյանն ասաց, որ թիվ 1 քվեաթերթիկը փոփոխություններ է բերելու ՀՀ-ում, երկար սպասված փոփոխություններ։ «Եթե դրանց կարիքը չլիներ, մեզանից շատերը քաղաքականության մեջ չէին էլ լինի։ Մեր ամբողջ առաքելությունը, էներգիան, առողջությունը, ինչ ունենք, դրված է այս ամենի տակ, «Ելք» դաշինքի, արժեքների, լոգոտիպի թիկունքում։ Մենք կորցնելու որևէ բան չունենք, քան այն Հայաստանը, որ այսօր կա։ Այն Հայաստանի համար, որ այսօր կա, ոտքի ենք կանգնել, 700 տարվա պետականության երազանքը ցանկանում ենք իրագործել և ունենալ այնպիսի երկիր, որի համար տարիներով պայքարել ենք, որպեսզի ունենանք այնպիսի երկիր, որի մասին մեր պապերը երազել են»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ուզում է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ հպարտ լինի, որ կա հայկական պետականություն, որևէ բան չխնայի այդ պետության համար, ամենօրյա ռեժիմով պայքարի հանուն այդ պետության զարգացման, արդիականացման, հզորացման, որը կարող է Հարավային Կովկասում լինել ամենաառաջադեմ, ամենազարգացած, ամենաուժեղ տնտեսությամբ, հզոր բանակով, իր քաղաքացիների իղձերն ու երազանքներն իրագործող պետություն, որտեղից մարդիկ ոչ թե հեռանում են, այլ ուր վերադառնում են։

«Սա է «Ելք» դաշինքի ծրագիրը, օրակարգը։ Սրա համար մենք կանք, և սրա համար մենք սկսել ենք այս շարժումը, քայլերթը, որն իրականում շատ երկար է։ Ես կոչ եմ անում չընկրկել, չվախենալ, որևէ կերպ երկրի կառավարմանը մասնակցելու համար ձեր մեկ ձայնը որևէ կերպ չփոշիացնել և այն ուղղորդել դեպի «Ելք» դաշինքը»։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց տարբեր տեղեկություններ են հասնում, որոնց մի մասը բավական զվարճալի է. «Այսօր վարսավիրանոցներում, գեղեցկության սրահներում ասում են, որ իշխանական տարբեր թեկնածուներ մազեր են սարքում, չգիտեմ՝ ինչ են անում, ասում են՝ մեզ ընտրեք, ձեր մազերը սարքենք։ «Ելք» դաշինքը նման բաներ չի անում, «Ելք» դաշինքը փոփոխություններ է առաջարկում։ «Ելք» դաշինքն այնպիսի երկիր է առաջարկում, որտեղ դուք ինքներդ ձեր գումարով կգնաք վարսավիրանոց, գեղեցկության սրահներ կայցելեք։ Սրա համար կա «Ելք» դաշինք»։

Տեսանյութեր

Լրահոս