«Ռուսաստանն Ադրբեջանին կարևոր ուղերձներ է հղում Ղարաբաղի վերաբերյալ». Սկակով

«Բարձր մակարդակով բավականին կարևոր ուղերձներ են հղվում Ադրբեջանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով նախօրեին Մոսկվայում Լավրով-Մամեդյարով բանակցությունների արդյունքներին։ Հիշեցնենք, որ Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ ինչպես՝ Բաքվի և Երևանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ՝ եռակողմ հանդիպումներում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում:

Լավրովն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ բոլոր քայլերը ձեռնարկվում են Մինսկի խմբի մյուս համանախագահների` Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ մշակած սկզբունքային մոտեցումների համաձայն: «Մենք բավարարված ենք բանակցությունների արդյունքներից և շարունակելու ենք աշխատել մեր նախագահների հանձնարարականների կատարման շուրջ»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը: Լավրովի խոսքով՝ դեռևս քննարկում են 2-3 հստակ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, բայց հակամարտող կողմերը դեռևս հեռու են միասնական մոտեցում մշակելուց: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին՝ ասել է, որ Ռուսաստանը մեծ ջանքեր է ներդնում արցախյան հակամարտության կարգավորման համար: «Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար, մենք այսօր մանրակրկտորեն քննարկել ենք: Դրանց ականջալուր են ինչպես՝ Ադրբեջանում, այնպես էլ՝ Հայաստանում, որոշակի հեռանկարներ կան»,- ասել է Մամեդյարովը:

Ալեքսանդր Սկակովն ասաց, որ գաղտնիք չէ՝ Ռուսաստանն օգտագործում է յուրաքանչյուր հարթակ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարները քննարկելու նպատակով։

Ըստ նրա, բացառություն չէ նաև այս ժամանակահատվածը, երբ կա որոշակի լարվածություն շփման գծում և սահմանին։ «Կարծում եմ՝ սրանք պլանային այցեր էին, որոնց հաջորդականությունը համընկավ շփման գծում առաջացած լարվածության հետ, որի պատճառով Մոսկվան շեշտելով Մինսկի խմբի մյուս համանախագահների դերակատարության մասին՝ փորձում է իր ներդրումն ունենալ նաև հետագա շփումների վերականգնման հարցում։

Մամեդյարովը գովաբանում է ռուսական կողմին, քանի որ Ադրբեջանին ձեռնտու չէ ԵԱՀԿ Մինսկի խումբը, փորձում է որոշակի օգուտներ ակնկալել ռուսական կողմից, սակայն պատահական չէր նաև Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ռուսական կողմն աշխատում է իր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ բոլոր նախաձեռնություններում, պատահական չէր նաև նրա անդրադարձը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքներին, սրանք ուղերձներ էին այն մասին, որ այս առաջարկները դեռ սեղանին են և պետք է կատարվեն Ադրբեջանի կողմից, քանի որ Ադրբեջանն է մերժում այս առաջարկների ընդունումը։

Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է, որն արտահայտվեց նաև վերջերս, երբ Լավրովն ասաց, որ ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործը չէ։ Բարձր մակարդակով բավականին կարևոր ուղերձներ են հղվում Ադրբեջանին»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Սկակովը։

Նրա համոզմամբ՝ համանախագահները, խաղաղությամբ շահագրգռված կողմերը համոզվել են, որ կարգավորում չի լինի՝ առանց հրադադարի ամրապնդման, իսկ հրադադարը կարող է ամրապնդվել այն առաջարկների կատարմամբ, որոնք հնչել են անցյալ տարի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։ Նրա խոսքով՝ այս մեխանիզմների ներդրումն անհրաժեշտություն է։ «Սակայն  հիմքեր չունեմ պնդելու, որ մոտ ապագայում կողմերը համաձայնության կգան այս մեխանիզմների ներդրման շուրջ»,- ասաց Սկակովը։

Նրա կարծիքով՝ հակամարտության գոտում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, այդ թվում՝ երկարատև պատերազմական գործողություններ։ Ըստ Սկակովի՝ առաջին պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռությունը վերականգնվել է ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանին մատակարարվեցին «Իսկանդեր» համալիրները։ Երկրորդը,  ըստ նրա՝ վերջին լարվածությունը պարզապես գերտերությունների, Արցախի և Հայաստանի զգոնությունը ստուգելու փորձ էր, քանի որ վերջին ամիսներին աշխարհում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ «Սակայն գերտերությունների վերաբերմունքը ևս մեծապես չի փոխվել. ԼՂ հակամարտությունը որևէ միջնորդի համար առաջնային  կարևորության հարց չէ, բայց պատերազմ որևէ մեկը թույլ չի տա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս