«Ես չեմ ուզում հակառակվել երկրորդ նախագահին». Վահրամ Բաղդասարյան

«Քարոզարշավի շրջանակներում երեկ ես շուրջ 2500 հոգանոց հանրահավաք եմ արել, ու մեկնարկը տվել եմ, հիմա գյուղերում եմ, արդեն 7 գյուղերում հանդիպումներ եմ ունեցել»,- 168.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ որպես ռեյտինգային թեկնածու՝ անում է քարոզարշավ, բայց իրենց կուսակցական մոտեցումները կարտահայտեն 2-3 օրից. «Ընդհանուր առմամբ, առաջին երկու օրը բավականին քաղաքակիրթ, բավականին հեռանկարային քարոզարշավ ենք սկսել և հորդորում ենք նաև բոլոր քաղաքական ուժերին և հանրությանը, որ այս մեկնարկը շարունակվի մինչև ընտրության օրը»:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեսակետ է հայտնել ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ՝ նշելով, որ «այս ընտրություններում լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում»:

Երկրորդ նախագահի այդ դիտարկման վերաբերյալ Վ. Բաղդասարյանն ասաց. «Նման նեգատիվ երևույթներ նկատելի են, բայց, համենայն դեպս, ես մտածում եմ՝ մեր հանրությունը բավականին քաղաքականացված է, և քսակները չեն, որ հանրությանը պետք է ուղղորդեն: Եթե ճիշտ գնա քարոզարշավը, և հանրությունը ճիշտ հասկանա՝ պառլամենտական երկիրն ինչ է նշանակում, քսակները չեն կարող մեծ ազդեցություն ունենալ, քան մարդու ինտելեկտուալ կարողություններն ու հնարավորությունները: Եթե այդ մոտեցումով մենք չկազմենք Ազգային ժողով՝ մենք հետագայում կունենանք խնդիրներ: Իհարկե, կան այդ երևույթները, ես չեմ ուզում հակառակվել երկրորդ նախագահին, համենայն դեպս, ինձ թվում է՝ վերջնական որոշում կայացնողը հանրությունն է»:

Տեսանյութեր

Լրահոս