Վլադիմիր Սոլովյովը կլինի Կիսելյովի երևանյան «Գրիբոյեդով» ակումբի այսօրվա հյուրը
Երկար դադարից հետո Երևանում ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովի համակարգմամբ գործող հայ-ռուսական «Գրիբոյեդով» փակ ակումբի անդամները կհանդիպեն այսօր։ 168.am-ի տեղեկություններով, վերջին երկու ամիսներին բավական ակնհայտ պասիվությամբ աչքի ընկնող ակումբի այսօրվա ժամը 18:00-ի հյուրը կլինի ռուս հայտնի հեռուստահաղորդավար, «Նախագահ» (2015), «Աշխարհակարգ» վավերագրական ֆիլմերի հեղինակ, ռուսական «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար, գրող Վլադիմիր Սոլովյովը։
Մեր աղբյուրների համաձայն, հանդիպումը կանցնի «Վլադիմիր Սոլովյովը «Գրիբոյեդով» ակումբում» խորագրի ներքո։ Մինչ հանդիպումը Սոլովյովը հանդիպում կունենա հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ Sputnik «Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոլովյովը պետք է ժամաներ Հայաստան դեկտեմբերին՝ հանդիպելու ակումբի անդամների հետ, այնինչ հանդիպումը հետաձգվել էր հեռուստահաղորդավարի զբաղվածության պատճառով։ Նշենք նաև, որ «Գրիբոյեդով» ակումբը, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզիչ, հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովն է, Հայաստանում գործում է շուրջ երկու տարի։ «Գրիբոյեդով» ակումբի հավաքները, ըստ ավանդույթի, տեղի են ունենում ամիսը մեկ անգամ երևանյան էլիտար ռեստորաններից որևէ մեկում։ Յուրաքանչյուր հանդիպմանը Կիսելյովը ներկայացնում է մեկ գործչի Ռուսաստանից, ով գրիբոյեդովականների հետ խոսում է որոշակի թեմայի շուրջ։