Բաժիններ՝

Ինչո՞ւ սիրել

Ի՞նչ է սերը: Առաքյալն այսպես է սահմանում. սերը սուրբ սրտով, բարի խղճմտանքով և անկեղծ հավատով պատվիրանների կատարման արդյունքն է:

Ըստ ուրիշների` սերը մշտապես Սուրբ Հոգով վառված, ամեն երկրավորից (անցավորից) հեռացած և Աստծուն միավորված ուղիղ կամքն է:
Ըստ ներգործության՝ 4 կերպով է սահմանվում:

Առաջին. Սեր, որով սիրում ենք Աստծուն և ընկերոջը՝ հանուն Աստծո:
Երկրորդ. Սերը կյանք է, որ միավորում է սիրողին սիրեցյալի հետ:
Երրորդ. Սերն առաքինություն է, որով ցանկանում ենք տեսնել Աստծուն և զմայլվել Նրանով:
Չորրորդ. Սերն առաքինություն է, որով մեր հոգու ցանկություններն ամբողջովին ուղիղ են:
Եվ հայտնի է, որ սերը 3 տեսակի է. բնական, բարոյական և շնորհական: Բնականը սեփական անձի նկատմամբ է, բարոյականը` ընկերոջ նկատմամբ, և շնորհականն` առ Աստված:

Սերը բազում նշանակություններ ունի: Երբեմն հենց սիրելու ունակություն է, ինչպես ասում է առաքյալը. «Աստծո սերը սփռված է մեր սրտերում»: Երբեմն նշանակում է շարժում: Երբեմն նշանակում է կատարելություն, ինչպես որ առաքյալն ասում է. «Աստված սեր է»:

Կարդացեք նաև

Որո՞նք են սիրո նշանները:

Նախ` այն, որ նա, ով սիրում է, հոժարությամբ լսում է, ում սիրում է:
Երկրորդ` հոժարությամբ խոսում է նրա մասին:
Երրորդ` մշտապես հիշում է նրան:
Չորրորդ` առանց ձանձրույթի ծառայում է նրան:
Հինգերորդ` մարմինը և ունեցվածքը չի խնայում նրա համար:
Վեցերորդ` զգուշանում է նրան վիրավորելուց:
Յոթերորդ` եթե վիրավորել է՝ հաշտվում է:
Ութերորդ` ցավակից է լինում նրան նեղության ժամանակ:
Իններորդ` ուրախանում է նրան մոտ լինելու համար:
Տասներորդ` ցավ է ապրում, երբ նա հեռանում է:
Տասնմեկերորդ` սիրում է, ինչ որ և նա:
Տասներկուերորդ` ատում է, ինչ որ և նա:
Տասներեքերորդ` ջանում է հաճելի լինել նրան:
Տասնչորսերորդ` երկյուղ ունի անհաճո լինել նրան:
Տասնհինգերորդ` ուրիշներին էլ է ձգում սիրել նրան:
Տասնվեցերորդ` նրանից ստացած պարգևները չի հեռացնում իրենից:
Տասնյոթերորդ` ընդունում է նրա խրատները:
Տասնութերորդ` խնդրում է նրանից համարձակ հույսով:
Տասնիններորդ` սիրելիի ամեն ինչն իրենն է համարում և իրենը` սիրելիինը:
Քսաներորդ` ամեն տեղ իր սիրելիով պարծենում է:
Քսանմեկերորդ` երբ գովում են նրան՝ ուրախանում է:
Քսաներկուերորդ` խուսափում է նրանցից, ովքեր հայհոյում են նրան:
Եվ ով կամենում է՝ կարող է այդ ամենն առ Աստված սիրուն վերագրել:

Որո՞նք են սիրո աստիճանները:

Երեք են. անկատարը, կատարյալը և գերակատարը: Անկատարը` մարմնավոր սերն է, կատարյալը` հոգևորն է, գերակատարն` առ Աստված սերն է:
Անկատար սիրով սիրում ենք ինքներս մեզ, կատարյալ սիրով` ընկերոջը, և կատարելագույն սիրով` Աստծուն:

Դարձյալ, անկատար սեր է ծառայական երկյուղը` պատժի պատճառով: Կատարյալ սեր է վարձկանինը` պարգևի պատճառով: Եվ գերակատարը որդիական սերն է՝ բնությամբ բարի լինելու պատճառով:

Ուրիշները սիրո աստիճանները չորսն են ասում: Նախ` երբ սիրում եմ ինձ` ինձ համար: Այս սերը բարի չէ: Երկրորդ` երբ սիրում եմ Աստծուն` ինձ համար. սա վարձկանի սերն է:

Երրորդ` երբ սիրում եմ Աստծուն` Իր համար, որովհետև բարի է, և այս սերը բարի է:

Չորրորդ` երբ սիրում եմ ինձ` Աստծո համար, և դա լավագույնն է, որովհետև մարդն իրենը չի փնտրում, այլ միայն Աստծունը:

Ո՞րն է կատարյալ սիրո նշանը:

Երեքն են. այսինքն՝ ամբողջ սրտով է սիրում և միշտ է սիրում և առանց ակնկալիքի է սիրում:
Դարձյալ, սերը կատարյալ է, երբ ունակությամբ մեծ է, ներքին շարժմամբ ուղիղ, արտաքին գործերով ժիր, արմատով` հաստատուն, ջերմեռանդությամբ` խոհեմ, և քաղցրությամբ` մխիթարող:

Գրիգոր Տաթևացի
«Գիրք հարցմանց»
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս