«Րաֆֆի Հովհաննիսյանը չի աղոթել, աղոթել է Վովա Գասպարյանը». ՕՐՕ դաշինքի անդամ

«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Մարիանա Ֆրունջյանը գտնում է՝ պետք է բարձրացնել հասարակության ինքնագիտակցականը՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այն մասին, թե արդյոք ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացվելո՞ւ են ազատ և արդար մթնոլորտում՝ Մ. Ֆրունջյանն ասաց, որ յուրաքանչյուր մարդ պետք է հոգեբանորեն հասկանա և գիտակցի՝ ինչի և ինչպես է գնում:

«Իհարկե, շատ դժվար է լինելու, բայց կարծում եմ՝ եթե կարողանանք հասարակության ինքնագիտակցականը բարձրացնենք, կկարողանանք որոշ չափով հասնել մեր վերջնանպատակին»,- նշեց Մ. Ֆրունջյանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սուսաննա Մուրադյանն էլ նշեց, որ մինչև ինքնագիտակցականը բարձրացնելը՝ պետք է Ոստիկանությունը, պատկան մարմինները զբաղվեն կաշառք բաժանողներով, իրար ծեծողներով. «2013 թվականին մարդկանց ինքնագիտակցությունը բարձր էր, գնացին-ընտրեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, հետո ի՞նչ եղավ»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե՝ չգիտե՞ք՝ ինչ եղավ, Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց աղոթեց, Ս. Մուրադյանն այսպես արձագանքեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը չի աղոթել, աղոթել է Վովա Գասպարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանի հետևում 2000 մարդ էր մնացել կանգնած, բոլորը բազմոցից էին հետևում հանրահավաքին, իսկ Հովհաննիսյան Րաֆֆին՝ իր թիմով և ընտանիքով, առաջին շարքերում էր»:

Կարդացեք նաև

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի անդամ Զոյա Թադևոսյանն էլ կարծիք հայտնեց, որ ընտրությունների արդար անցկացումն այն հարցն է, որի շուրջ քաղաքական ուժերը պարտավոր են համախմբվել և միասնական պայքարել. «Եթե խոսում եք ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների մասին, բայց հետո իմանում ենք, որ այս կամ այն քաղաքական ուժը ցուցակներ է կազմում, բաժանման խոստումներ է անում, տարբեր այլ ճանապարհներով փորձում է ընտրողին իր կողմը գրավել, սա արդեն ազնիվ չէ: Եթե ուզում եք համընդհանուր վստահության մթնոլորտ ստեղծվի, կոչ արեք՝ միասնական պլատֆորմ ձևավորել, պայքարել ընտրակեղծիքների դեմ, այդ դեպքում միասնական շտաբի առկայությունը, միասնական պայքարը, համատեղ ուժերի կենտրոնացումը տեղամասերում գոնե ինչ-որ չափով հնարավորություն կտա ընտրական տեղամասերում կանխել ընտրակեղծիքները»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս