Ի՞նչ խախտումներ է բացահայտել գլխավոր ռազմական տեսուչը. վարչապետի հայտարարության հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությունները, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, շարունակում է ամենատարբեր մակարդակներով քննարկվել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ ասել է. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն»:
Իսկ ահա պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանն ընդհանրական հայտարարություններով փորձել է «ցրել» թեման. նա վարչապետի հայտարարությունը որակել է ակտուալ, արդիական: Իսկ դիտարկմանը, թե վարչապետի հայտարարությունը վերաբերում էր չաշխատող տեխնիկային, նախարարը առանց պատասխանելու հեռացել է:
«Ժողովուրդ»-ը ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանից հետաքրքրվեց՝ զորամասերի պարբերաբար ստուգումների արդյունքում ի՞նչ է բացահայտել այդ մասով: «Ստուգումների արդյունքում այդպիսի բաներ չեմ տեսել եւ այդպիսի բաներ չեմ բացահայտել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ռազմական տեսուչը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։