«Իմ հերթական այցը Հայաստան պայմանավորված է կիբերանվտանգության խնդիրներով». Եվգենի Կասպերսկի

«Կասպերսկի լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին կրկին Հայաստանում է՝ այս անգամ մասնակցելու ոչ միայն հատուկ լրագրողների համար կազմակերպված «Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքին, որ տեղի ունեցավ այսօր, այլ նաև հագեցած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այդ թվում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

«Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքին «Կասպերսկի լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու հետ մասնակցում էին նաև նույն ընկերության հետազոտությունների և սպառնալիքների վերլուծության գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Նովիկովը, ինչպես նաև Հայաստանում «Կասպերսկի լաբորատորիա»-ի պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը:

«Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքը մեկնարկեց «Կասպերսկի լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու՝ լրագրողների համար պատրաստած ելույթով, որի ընթացքում հայտնի անտիվիրուսի հեղինակը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ առաջավոր տեխնոլոգիաներն անկասկած ավելի հարմար և հետաքրքիր են դարձնում կյանքը, սակայն օրեցօր դրանք պարունակում են նորանոր ռիսկեր, որոնք լուրջ սպառնալիքներ են ինչպես շարքային օգտատերերի, այդպես նաև բիզնեսի հարմարավետության և անվտանգության համար: Բանախոսն անդրադարձ կատարեց՝ ի՞նչ տեղ է զբաղեցնում Հայաստանը համաշխարհային կիբերսպառնալիքների վարկանիշային աղյուսակում, ի՞նչ առավել վտանգավոր տեղեկատվական սպառնալիքների հետ են բախվում այսօր օգտատերերն ու բիզնեսը Հայաստանում, ինչպես նաև՝ ի՞նչ արժե իմանալ համացանցում անվտանգության մասին և ի՞նչ կանոններ է անհրաժեշտ անպայման պահպանել՝ կիբերհանցագործների զոհը չդառնալու համար:

Հանդիպման երկրորդ մասում Եվգենի Կասպերսկին, թեև շատ կարճ, բայց պատասխանեց մի քանի հարցերի՝ մանրամասնելով նաև հայաստանյան հերթական այցի նպատակները. «Կիբերհանցագործությունը հետևաբար նաև կիբերանվտանգությունը սահմաններ չեն ճանաչում: Ես ստիպված եմ լինում անդադար «թափառել» ողջ աշխարհով, իսկ վերջին վեց ամիսը պրակտիկորեն անցկացրել եմ հյուրանոցներում: Ուրեմն իմ հերթական այցը Հայաստան պայմանավորված է կիբերանվտանգության խնդիրներով: Բացի այդ ես ամեն անգամ մեծ հաճույքով եմ վերադառնում Հայաստան: Չպետք է մոռանալ նաև, որ այստեղ շատ համեղ են կերակրում, իսկ կանայք այստեղ շատ գեղեցիկ են»,- կես կատակ եզրափակում է միջոցառման մասնակցության իր մասը Եվգենի Կասպերսկին և շտապում ՀՀ վարչապետի հետ հանդիպման:

«Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքը շարունակում է «Կասպերսկի լաբորատորիա»-ի հետազոտությունների և սպառնալիքների վերլուծության գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Նովիկովը, ով անցկացնում է հատուկ լրագրողների համար նախատեսված մտավոր «Խելքերի մարտ» DJ խաղը, որի ընթացքում միջոցառման մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան տեղեկանալու՝ ինչպես է պետք ստեղծել հուսալի գաղտնաբառեր, ապահովել գաղտնիությունը սոցիալական ցանցերում, անվտանգ իրականացնել համացանցային վճարումները և այլն: Խաղի ընթացքում լավագույն ցուցանիշներ գրանցած մասնակիցներին «Կասպերսկի լաբորատորիա» ընկերությունը պարգևատրեց հատուկ այդ նպատակով պատրաստած նվերներով:

«Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքի մանրամասներն, ինչպես նաև «Կասպերսկի լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու ելույթն ամբողջությամբ՝ շուտով:

Տեսանյութեր

Լրահոս