Ինչպե՞ս երկարացնել նոութբուքի կյանքը
Շատերն են նախընտրում նոութբուքերը սովորական համակարգիչներից: Բայց պետք է հաշվի առնել, որ նման սարքավորումները պահանջում են հատուկ ուշադրություն, հակառակ դեպքում դրանք արագ շարքից դուրս կգան: Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի կետերի, որոնց պետք է հետևեն նոութբուքերի սեփականատերերը:
1. Հետևեք ջերմային ռեժիմին։ Մի օգտագործեք նոութբուքը ձեր ծնկներին կամ ծածկոցի վրա դրված: Եթե հաճախ եք օգտագործում նոութբուքը պառկած կամ նստած, ապա կարող եք գնել հատուկ տակդիր:
Պետք չէ օգտագործել համակարգիչը նաև ցուրտ ժամանակ: Եթե նոութբուքը երկար ժամանակ գտնվել է ցրտի պայմաններում, ապա միացրեք այն կես ժամ սենյակային ջերմաստիճանում մնալուց հետո:
2. Մի ճաշեք նոութբուքի մոտ։ Հեղուկն անմիջապես թափանցում է ստեղնաշարի մեջ, իսկ սննդի մնացորդները կամ փշրանքները լցվում են ստեղների միջև: Սա դժվարացնում է գրելու գործընթացը, քանի որ ստեղները դժվարությամբ են աշխատում: Բացի այդ, փշուրները կարող են վնասել և շարքից դուրս հանել որոշ ստեղներ:
Եթե նոութբուքի վրա սուրճ կամ թեյ է թափվել, ապա անմիջապես անջատեք սարքավորումը, հանեք մարտկոցը և շտապ դիմեք մասնագետի:
3. Պարբերաբար մաքրեք նոութբուքը։ Նոութբուքը կլանում է օդի ողջ փոշին, այնպես որ, պետք է պարբերաբար մաքրել այն: Ստեղնաշարը մաքրելու համար անհրաժեշտ է անջատել համակարգիչը, շրջել էկրանը դեպի ներքև և մի քանի անգամ թափահարել՝ ամուր բռնելով երկու ձեռքով: Մնացած փոշին կարող եք մաքրել փոշեկուլի միջոցով:
Էկրանը նույնպես շատ փոշի է կլանում: Մաքրեք էկրանը քիչ խոնավ անձեռոցիկով: Խորհուրդ չի տրվում մաքրել էկրանը սովորական անձեռոցիկով, քանի որ այն առաջացնում է սպիտակ հետքեր:
4. Խուսափեք հարվածներից։ Կտրուկ շարժումներն ու հարվածները վնասակար են նոութբուքին, քանի որ կարող են վնասել որոշ ներքին մասեր: Հարվածներից խուսափելու համար մի դրեք նոութբուքը բարձր տեղերում և օգտագործեք հատուկ տակդիրներ:
5. Ժամանակ առ ժամանակ խորքային մաքրում կատարեք։ Տարին մեկ կամ երկու անգամ պետք է խորքային մաքրել նութբուքը: Այդ մասին ձեզ կարող է հուշել հենց սարքավորումը: Կարելի է հասկանալ, որ նութբուքը մաքրելու ժամանակն է, երբ միացնելիս կամ անջատելիս մարտկոցի հատվածից լսում են ձայներ:
6. Օգտագործեք հակավիրուսներ։ Լավ աշխատանքի համար կարևոր է նոութբուքի ոչ միայն տեխնիկական, այլև ծրագրային վիճակը: Օգտագործեք հակավիրուսային ծրագրեր, պարբերաբար մաքրեք համակարգիչն ավելորդ աղբից և կատարեք համապատասխան թարմացումները:
Սիրարփի Աղաբաբյան