«Մենք պատրաստ ենք նպաստելու ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցմանը». Սերժ Սարգսյան

Հայաստանը պատրաստ է նպաստել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության փոխշահավետ մերձեցմանը: Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակի փորձագետների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արևմտյան գործընկերների կողմից, սակայն ուրախ եմ, որ ժամանակն ամեն բան իր տեղը դրեց: Մենք պատրաստ ենք նպաստելու ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցմանը: Հայաստանը շահագրգռված է համաեվրոպական համագործակցությամբ: Մենք քաջ գիտակցում ենք, որ եղած խնդիրները լուծելու լավագույն ուղին համագործակցությունն է, իսկ հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականությունը ապագա չունի»,-  ասել է Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանը պատմականորեն հարաբերությունների մեծ փորձ ունի Իրանի հետ, իսկ ներկա սերտ տնտեսական, քաղաքական և մշակութայն կապերը դարձնում են Հայաստանը լավ հարթակ Իրան մուտք գործելու ցանկություն ունեցող եվրոպական ընկերությունների համար:

ՀՀ Նախագահի խոսքով, Իրանի հետ զարգացնելով տարածաշրջանային օրինակելի համագործակցություն՝ Հայաստանն այսօր լավ նախադրյալներ ունի՝ դառնալու Պարսից ծոցը սևծովյան նավահանգիստների հետ կապող ամենաապահով և ամենակարճ տարանցիկ ուղին։ Դրան էր միտված Հյուսիս-հարավ ավտոմայրուղին՝ վրացական նավահանգիստներից դեպի Երևան, և ապա դեպի Իրանի սահմանակետ տանող ավտոճանապարհը ԵՄ-ի հիմնական երթուղում ներառելը։

«Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները Հարավային Կովկասի անվտանգության կարևորագույն օղակներից են։ Վրաստանի հետ մենք մշտապես բոլոր ընթացիկ հարցերը կարգավորել ենք բարիդրացիության և փոխըմբռնման մթնոլորտում: Մեր համագործակցությունը երբևէ չենք պայմանավորել երրորդ երկրների հետ հարաբերություններով: Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ի անդամի, և Վրաստանի՝ որպես ԵՄ-ի ասոցացված գործընկերոջ, այսօրվա համագործակցությունը փաստում է փոխշահավետ հարաբերությունների նոր հնարավորությունների մասին»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստակամ է դառնալու այն կայուն գործընկերը տարածաշրջանում, որը կնպաստի խոշոր դերակատարների միջև հակասությունների հարթման , տնտեսական զարգացմանն ուղղված ուղիների մշակման և ներդրումային արդյունավետ քաղաքականության ձևավորման գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս