«Արցախյան հիմնախնդրի լուծման բանալիները շատ են». Ալեքսանդր Սկակով
«Արցախյան հիմնախնդրի լուծման բանալիները շատ են, և դրանք գտնվում են և՛ Մոսկվայում, և՛ Վաշինգտոնում, և՛ Բրյուսելում, և՛ Փարիզում, դե, իհարկե, նաև Երևանում, Բաքվում ու Ստեփանակերտում: Հիմա ղարաբաղյան կոնֆլիկտը գերտերությունների օրակարգում չկա. նրանց համար ավելի կարևոր է իրավիճակը Սիրիայում և Իրանում:
Այսինքն՝ դա հետաքրքրություն չի առաջացնում ոչ Վաշինգտոնում, ոչ Բրյուսելում: Մոսկվայում իրավիճակն այլ է. Մոսկվային այն մոտ է, բայց էլի՝ ոչ այդքան կարևոր: Եվ այն, ինչ եղավ ապրիլին, կապված էր նաև այս ամենի հետ»,- այսօր «ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման ներքին և արտաքին գործոնները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը, որը քննարկմանը միացել էր տեսազանգի միջոցով:
Նա ընդգծեց՝ այո, ՄԽ-ն զբաղվում է արցախյան կոնֆլիկտով, լուրջ հակասություններ ՄԽ անդամների մեջ չկան, բայց կոնֆլիկտի կարգավորում տեղի չի ունենում.
«Ապրիլյան գործողություններով Ադրբեջանն իր դժգոհությունը հայտնեց ՄԽ-ի առաջարկած մեխանիզմներից: Իսկ ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա շատ բարդ իրավիճակում էր, նա ստիպված էր ինչ-որ բան որոշել, իսկ որևէ բան որոշելու ցանկություն չկար: Այսինքն՝ այն իրավիճակը, որ կար, ամբողջովին բավարարում էր և՛ Մոսկվային, և՛ Բրյուսելին, և՛ Վաշինգտոնին: Մոսկվան հատուկ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ: Դրա համար այստեղ պետք է հաշվի առնել Թուրքիայի դերը»:
Սկակովը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, մեղմ ասած՝ վատ վիճակում էին. «Անկարան այդտեղ կարողացավ սադրիչի դեր խաղալ, այսինքն՝ ինչ-որ կերպ ազդել Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանը Մոսկվային բարդ իրավիճակի մեջ դնի: Հիմա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները լավն են, դրա համար հիմա այդ գործոնը չի աշխատում: Հնարավոր է, որ միաժամանակ մյուս գործոնները կսկսեն այլ կերպ աշխատել: Բայց կարծում եմ, որ առաջիկա 1-2 ամիսներին նոր հարձակումների հավանականությունը քիչ է»:
Նա հավելեց, որ, երբ ասում է, թե Մոսկվան հատուկ հարաբերություններ ունի և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, նկատի չունի, թե դրանք նույնանման են. «Դրանք տարբեր հարաբերություններ են: Ռուսաստանի ու նրա բոլոր գործընկերների հարաբերությունները տարբեր են: Եվ, իհարկե, Մոսկվայի համար Երևանը ոչ թե գործընկեր է, այլ դաշնակից, իսկ Ադրբեջանը գործընկեր է: Մենք պարտավոր չենք ռազմական օգնություն ցույց տալ մեր գործընկերոջը, բայց մենք պարտավոր ենք պաշտպանել մեր դաշնակցին:
Բայց դրա հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք օգնել Հայաստանին, բայց ոչ՝ Արցախին: Մեզ հաճախ են քննադատում, որ Ռուսաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, բայց Արցախի անկախությունը չի ճանաչել նաև Երևանը: Լավրովը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին գործը չի համարվում, այսինքն՝ դա հստակ ցույց է տալիս Ռուսաստանի դիրքորոշումը»: