«Ադրբեջանի հաջորդ հարձակումն այլ ուղղությամբ է լինելու. նրանք փորձում էին խաբել հայկական կողմին». Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Արցախի հիմնախնդրից՝ ասաց, որ ապրիլյան դեպքերից հետո բացթողում էր այն, որ հայաստանյան կողմը չփորձեց ամբողջությամբ ներգրավվել հակամարտության մեջ.

«Որոշում ընդունվեց, որ «իսկանդերները» չպետք է օգտագործվեն այդ ռազմական գործողությունների ժամանակ: Բայց ահա թե ինչ պատահեց, եթե մենք նայենք Ադրբեջանի կողմը. Հայաստանը չգերարձագանքեց, և կարելի է ասել, որ ապրիլյան պատերազմը վերջին մի քանի տասնամյակում Ադրբեջանի առաջին լուրջ հաջողությունն էր: Ադրբեջանի համար այս գործողությունը հաջողված էր, որովհետև այդ երկրի ռազմական ներուժն այս անգամ ուներ հստակ և ճշգրիտ նպատակներ: Մինչև ապրիլ նրանք պարզապես հարձակվում էին՝ հարձակվելու համար, իսկ ապրիլին նպատակ ունեին գրավել որոշակի տարածքներ»:

Խոսելով շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին՝ նա ասաց, որ վերջին հարձակումն արդեն թեստ էր. «Նրանք փորձում էին մեզ, պարզապես նախապատրաստվում էին հերթական հարձակմանը: Սա նաև համընկնում էր Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների և Մեհրիբան Ալիևայի փոխնախագահ նշանակվելու հետ»:

Քաղաքագետի խոսքով՝ ռազմական տեսանկյունից մեծ հարձակման համար ապրիլը ամենահամապատասխան ժամանակն է. «Նախ՝ եղանակային պայմաններն են լավը, և բացի այդ՝ Իսրայելից և Ռուսաստանից սպասվում է նոր զինամթերք: Մյուս հերթական հարձակումը հնարավոր է լինի ոչ թե՝ Հայաստանում ընտրություններից առաջ, այլ՝ հետո: Եթե հարձակումը տեղի ունենա ընտրություններից առաջ, դա մեծ նվեր կլինի ՀՀԿ-ի համար, իսկ եթե տեղի ունենա ընտրություններից հետո, կլինի առաջին թեստը նորընտիր խորհրդարանի համար: Ամենակարևորն այն է, որ Ադրբեջանի հաջորդ հարձակումը Ղարաբաղի դեմ չի լինի: Այսինքն՝ բազմազանություն կլինի այս դաշտում. ոչ թե Ղարաբաղի դեմ հարձակում կլինի, այլ՝ ուրիշ ուղղությամբ»:

Նրա գնահատմամբ՝ և՛ ապրիլին, և՛ այս անգամ Ադրբեջանի նպատակը ռազմական տեսանկյունից կլինի տարածքների գրավումը. «Այն տարածքների, որոնք Ղարաբաղի սահմաններից դուրս են: Հայաստանն ու Արցախը խաղաղության տեսանկյունից գործընկերներ չունեն: Եվ ինչքան էլ որ մեր դիվանագիտական պարտավորություններին փորձենք հետևել, Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայության և բանակցություններին մասնակցելու ցանկության բացակայության խնդիր կա»:

Ռ. Կիրակոսյանն ընդգծեց՝ Ադրբեջանն այդքան էլ չի մտածում իր կողմից մարդկային կորուստների մասին. «Ռազմական տեսանկյունից ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները պայմանավորված էին նրանով, որ նրանք պարզապես փորձում էին ստուգել, թե որքանով է լավ զինված հայկական կողմը, ինչ է փոխվել ապրիլյան իրադարձություններից հետո: Այս տեսանկյունից՝ սա նրանց կողմից ձախողում էր: Իհարկե, նրանք թանկ գնով վճարեցին այս ամենի համար: Բայց երկրորդ գործոնն ավելի հաջողակ էր. նրանք փորձում էին ռազմական խաբկանքի հնարքին դիմել, որովհետև իրականում նրանք փորձում էին քողարկել իրենց հիմնական նպատակը, որովհետև, նորից եմ կրկնում՝ հաջորդ հարձակումը կլինի ոչ թե Ղարաբաղի դեմ, այլ Ղարաբաղից դեպի հյուսիս և հարավ ընկած ուղղություններով: Մյուս կողմից՝ նրանք նաև ուզում էին խաբել պաշտպանվող կողմին, որ հերթական հաջորդ հարձակումը կլինի նույն ուղղությամբ»:

Խոսելով այս կոնտեքստում գլոբալ խաղացողների դիրքորոշումների և գործողությունների մասին՝ նա ասաց, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից այստեղ իրականում վակուումային իրավիճակ է ստեղծվել. «Արցախի և Հայաստանի համար վատը ոչ թե այն է, որ ամերիկյան ուժերը դուրս են գալիս տարածաշրջանից, այլ այն, թե ինչ ազդեցություն կունենա ամերիկյան ուժերի դուրսբերումը տարածաշրջանից: Հայաստանի և Արցախի համար սպառնալիք է այն, որ ընդամենը մեկ ուժ է սկսում մոնոպոլիզացնել իր դերն ամբողջ տարածաշրջանում: Մեզ համար գոյատևելու միակ քաղաքականությունը կոմպլեմենտար, բալանսավորված քաղաքականությունն է: Եվ կարևոր էր նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցը Բրյուսել, Եվրոպա, և ՆԱՏՕ-ի հետ բանակցությունները՝ բալանսի պահպանման տեսանկյունից, բավականին կարևոր դեր ունեին: Ինչքան շատ քայլեր ձեռնարկենք դեպի Արևմուտք, այնքան շատ հարգանք կարող ենք ակնկալել Ռուսաստանի կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս