«Ես ինձ երկու հարցում անթերի եմ համարում». Վարդան Օսկանյան

«Ապրիլի 2-ին վճռվելու է մեր երկրի ապագան հաջորդ տասնամյակների համար: Մենք այս ընտրություններին գնում ենք նոր Սահմանադրությամբ, նոր Ընտրական օրենսգրքով. Երկուսն էլ գրվել և մշակվել են այնպես, որ երաշխավորեն այս իշխող ուժի իշխանության վերարտադրությունը: Եթե մենք ազգովի թույլ տանք այն իշխանությանը, որ երկիրը հասցրել է անդունդի եզրին, վերարտադրվի, հավատացեք, որ հաջորդ տասնամյակներում մեզ լավ բան չի սպասվելու»,- այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովի ժամանակ այս մասին ասաց «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը:

Օսկանյանն ընդգծեց, որ մինչև ընտրություններ պետք է կարողանան հասարակությանը համոզել՝ իրենց ձայները տալ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին:

«Ճիշտ որոշում կայացնելու համար մեր հասարակությունը պետք է առաջնորդվի 3 չափանիշով. առաջին՝ այդ դաշինքների և կուսակցությունների ղեկավարների ու նրանց թիմակիցների նվիրումով, անկեղծությամբ, ազնվությամբ: Երկրորդ՝ նրանց՝ խնդիրներ լուծելու կարողությամբ, և երրորդ՝ նրանց ծրագրերի այժմեականությամբ, տեսլականի ամբողջությամբ: Մեր դաշինքն ամբողջությամբ բավարարում է այս երեք չափանիշները»,- ասաց նա:

Օսկանյանը հիշեց նաև իր ու իր թիմակիցների կենսագրությունը, նշեց, որ, թեև սխալներ էլ ունեն, բայց կոնկրետ ինքն իրեն երկու հարցում անթերի է համարում. «Նվիրում հայրենիքին և ազնիվ աշխատանք պետական համակարգում: Այդ երկու տասնամյակների ընթացքում, երբ ես աշխատել եմ առաջին, երկրորդ նախագահների հետ, ես երբեք չեմ ծառայել մարդուն, այլ ծառայել եմ երկրին, ժողովրդին, հայրենիքին: Այդ երկու տասնամյակների ընթացքում չի եղել մի դեպք, որ ես ինչ-որ մեկից մի բան խնդրեմ կամ իմ պաշտոնը, պետության ընձեռած հնարավորությունները չարաշահեմ: Երբ ավարտել եմ իմ պաշտոնավարությունը, հակառակ նրան, որ ինձ բարձրագույն պաշտոններ են առաջարկել, ես նախընտրել եմ դուրս մնալ իշխանությունից, որպեսզի կարողանամ իսկապես իմ ներդրումը բերել Հայաստանում քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի ու ընդդիմության ձևավորմանը»:

Օսկանյանն ասաց, որ ապացուցել է՝ իր համար պաշտոնը և փողն արժեք չեն.

«Իմ երկու գործընկերները՝ Սեյրան Օհանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, տարբեր ժամանակներում, տարբեր ձևերով արել են նույնը»:

Նա ընդգծեց, որ եղել է կոմպլեմենտար քաղաքականության հեղինակը, ինչը, ըստ նրա՝ տասը տարի, մեծ արդյունավետությամբ ծառայել է Հայաստանի շահերին.

«Այդ տասը տարիներին հավասարակշռություն է հաստատվել աշխարհաքաղաքական բևեռների միջև, մենք բազմակողմ դիվանագիտության ներգրավվածություն ենք ունեցել, ամրագրվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ցեղասպանության ճանաչման հարցը մեծ թափ է հավաքել, և միևնույն ժամանակ՝ Թուրքիայի հետ պահպանել ենք նվազագույն նորմալ հարաբերություններ»:

Օսկանյանը նաև նշեց, որ իր անձնական ջանքերով են Հայաստան եկել Քըրք Քըրքորյանը, Էդուարդո Էռնեկյանը, Ջերարդ Գաֆէսճյանը և բազմաթիվ այլ ներդրողներ ու բարերարներ. «Սա է այն փորձառությունը, այն արդյունքները, որ ես՝ իմ թիմակից ընկերների հետ, կանգնում ենք ձեր առաջ: Մենք երեքով վստահ ենք, որ մեր ժողովրդի համար ամենակարևոր հարցերում (երկրում արդարության հաստատման, Արցախի հարցի կարգավորման, տնտեսության զարգացման) շատ արագ կարող ենք էական առաջընթաց արձանագրել»:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ Օսկանյանն ասաց. «Արցախն ինքնորոշվել է. եթե ոչ՝ ինքնորոշումը, ապա՝ ինքնորոշման իրավունքն արդեն ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Մենք դա արել ենք 2007 թվականին: Այսօր մեր խնդիրն է՝ ինքնորոշման իրավունքից անցնել Արցախի ժողովրդի՝ ինքնորոշված լինելու փաստի ճանաչմանը: Բայց դա անելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր բանակ՝ հանձին Սեյրան Օհանյանի, զարգացող տնտեսություն՝ հանձինս մեր բոլորի»:

Տեսանյութեր

Լրահոս