«Հայաստանը, որոշակի առումով, շատ արտոնյալ դիրքում է գտնվում». Պյոտր Սվիտալսկի

«Քաղաքացիական հասարակության դիտորդական ջանքերն ընտրություններում շատ կարևոր են: ԵՄ-ն հատկացնելու է ավելի քան 7 մլն եվրո՝ օժանդակելու տարբեր միջոցառումների իրականացմանը, որոնք ներդրվել են առաջիկա ընտրությունների լույսի ներքո: Մենք հատկացրել ենք գրեթե 4 մլն եվրո՝ օժանդակելու ընտրողների ինքնության հաստատման տեխնոլոգիայի ներդրմանը: Այս ծրագիրն իրականացվել է Միացյալ ազգերի զարգացման ծրագրի կողմից՝ ԿԸՀ-ի և խորհրդարանի մասնակցությամբ: Մենք 2 մլն եվրո ենք հատկացրել տեսախցիկների տեղադրման և ուղիղ հեռարձակման համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը նշեց, որ չնայած ոչ բոլոր ընտրատեղամասերում են տեսախցիկներ տեղադրվելու, բայց ընտրատեղամասերի մոտ 95%-ում կլինեն տեսախցիկներ, ինչը, ըստ դեսպանի՝ շատ կարևոր ձեռքբերում է լինելու.

«Այս թվերն արտացոլում են մեր ջանքերի միայն մի մասը, որովհետև շատ բան, որ մենք արել ենք վերջին 12 ամիսներին, չի կարող արտահայտվել թվերով: ԵՄ-ն քաղաքական արժանահավատության մեծ մասնաբաժին է ներդրել ՀՀ կառավարությունում, որպեսզի երաշխավորեն լավագույն պայմաններն առաջիկա ընտրությունների համար: Եվ, իհարկե, մենք դա չենք անի, եթե չհավատայինք, որ այս անգամ մենք շատ ավելի բարձր մակարդակի ընտրություններ կունենանք, քան նախկինում: Երբ նայում ենք տարբեր միջոցառումների իրականացմանը, որոնք եղել են մինչ օրս, մենք շատ լավատես կարող ենք լինել, որովհետև տարբեր շահագրգիռ կողմեր անհրաժեշտ քաղաքական կամք են ցուցաբերում՝ երաշխավորելու, որ Հայաստանի առաջիկա ընտրություններն իրականացվեն ավելի լավ մակարդակով, քան նախկինում:

Բայց դա չի նշանակում, որ դրանք կատարյալ կլինեն: Շատ բան հնարավոր չէ կանխատեսել, բայց այս պահի դրությամբ մենք լավատես ենք, որ Հայաստանի քաղաքացիներին պետք է քաջալերենք, որպեսզի նրանք գնան ընտրության՝ հավատալով, որ իրենց ձայնը հաշվի կառնվի այս անգամ»:

Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ ԵՄ-ի համար մի քանի կարևոր հարցեր կան՝ սկսած վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելումից, վերջացրած ընտրակաշառքներով, քվեների գնումով, ինչպես նաև՝ հավասար պայմաններ ապահովել թեկնածուների համար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է լրատվամիջոցներին. «Մեզ համար նաև շատ կարևոր է, որ ընտրությունների օրը բոլոր դիտորդներն ունենան համապատասխան գործողությունների ազատություն: Մենք հուսով ենք, որ ԸՕ-ով սահմանված զսպիչ գործոնները կգործեն: Մեզ համար չափազանց կարևոր է նաև միջազգային դիտորդների աշխատանքի ազատության ապահովումը և, վերջապես, շատ թափանցիկ գործընթացի ապահովումը»:

Դեսպանն ընդգծեց՝ ԵՄ հարևանության ոչ մի երկրում Եվրամիությունն այդքան գումար և քաղաքական վստահություն չի ներդրել, որպեսզի օգնի նախապատրաստվելու լավ ընտրությունների, որքան Հայաստանում. «Հայաստանը, որոշակի առումով, շատ արտոնյալ դիրքում է գտնվում»:

Տեսանյութեր

Լրահոս