Համբերությունն արդեն սպառվում է. Թուրքիայի հայ համայնքը պահանջում է Աթեշյանի հրաժարականը
Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ Պոլսո պատրիարքական աթոռի հարցը կարող է կարգավորվել միայն պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հեռանալով: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը խնդրի առնչությամբ խոսել է համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց կարծիքն են հայտնել գործընթացի վերաբերյալ:
«Նախորդ շաբաթ Սահակ սրբազանի հայտարարությունն իսկապես խորապես վշտացրեց ինձ: Նրա պես հոգևորական առաջնորդի տեղն անհնար է լրացնել: Կարծում եմ Սահակ սրբազանի ասածները վերին աստիճանի ճշմարիտ են. Արդեն անհրաժեշտ է պատրիարքական ընտրություններ անցկացնել: Ինչո՞ւ է փորձ արվում դրա դեմն առնել»,-հարցադրում է արել 47-ամյա Մարի Սըվաջըօղլուն՝ պարզաբանելով, որ համայնքի ներսում Արամ սրբազանի պատճառով պարբերաբար առաջացող բացասական խոսակցությունները շատ են վնասել պատրիարքական աթոռի հեղինակությունը: Մինչ օրս հայկական եկեղեցին և պատրիարքա րանը նման բաներ չէր ապրել: «Հուսով եմ, որ մեր եկեղեցու առջև ծառացած խավարն անհապաղ կվերանա և խաղաղություն կհաստատվի: Սակայն չեմ կարող ասել, թե դա ինչպես պետք է կատարվի, եթե Արամ սրբազանը հրաժարական չտա»,-հավելել է նա:
«Շատ տխուր եմ: Ցավոք, կարծում եմ, որ չի մնացել մի դուռ, որին կարող են վստահել: Սահակ սրբազանին շատ հարգում եմ և վստահում: Հավատում եմ նրա ոգուն, գիտելիքներին և անկեղծությանը: Շատ լավ ու մեծ առաջնորդ լինելու մասին հավատս անսահման է: Հիմնադրամները և իրենք իրենց ղեկավար կարծող անձինք պետք է դաս քաղեն կատարվածից»,- նշել է 53-ամյա Մելինե Օզաջար Փուլաթը:
62-ամյա Ռոզ Սոլոմեն տեղի ունեցած իրադարձությունները դատապարտել է: Նա ընդգծել է, որ հայկական համայնքն այսուհետ թե իր ավանդական կառույցներից, թե պետությունից պետք է պահանջատեր լինի սեփական իրավունքների հարցում: «Թուրքիայի հայերի փրկության միակ բանաձևը հետևյալն է` չլռել և աջակցություն ցուցաբերել ժողովրդավարացմանն ուղղված պայքարին, համագործակցել ժողովրդավար կառույցների հետ և պահանջել իրենց իրավունքները: Արդեն կորցնելու ժամանակ չունենք»,- նշել է նա:
30-ամյա Թամար Նալջըն, ով մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի օգնականն է, հարցադրում է արել, թե ինչու պետք է համայնքը 8 տարի սպասեր, եթե պատրիարքի ընտրության հարցը լուծվում է սովորական թղթի վրա դրա ժամկետը գրելու միջոցով: «Ինչո՞ւ է հիմա որոշվում ժամկետը: Ինչո՞ւ ենք մենք պատրիարքական ընտրության համար տարիներով սպասել պետության «թույլտվությանը»: Սրանք հարցեր են, որոնք պետք է տալ… Ինչպես նաև այն, թե ինչու Վեհափառը միջամտեց միայն 8 տարի հետ: Ինչո՞ւ որևէ կերպ չմիջամտեց պատրիարքական աթոռի կամայական օգտագործմանը: Դա ևս շատ կարևոր է…
Մենք միայն կրոնական առաջնորդ չենք ուզում, մեզ անհրաժեշտ է մեկը, ով կներկայացնի Թուրքիայի հայկական համայնքն իր ամբողջությամբ»,- ընդգծել է Նալջըն:
48-ամյա Անի Գյոնջյուն իր աջակցությունն է հայտնել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: «Մենք մեր եկեղեցին սիրող մարդիկ ենք, սակայն հայ ժողովրդի համբերությունն արդեն սպառվում է»,- նշել է նա:
«Ինձ մեռոնը գումարի դիմաց տվող հոգևոր առաջնորդը չի կարող լինել իմ ներկայացուցիչը: Աթեշյանը պետք է հեռանա»,- ասել է 65-ամյա Սեդա Քյուչուքօսքանը: