«Արցախում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունը կոնկրետ անձի իշխանության վերարտադրությանն ուղղված փոփոխություն է». Հայկ Խանումյան

«Ինձ համար ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումն ավելի անհանգստացնող էր, քան այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, որովհետև Արցախում կան ուրիշ մեխանիզմներ, որոնք թույլ կտան վտանգի դեպքում համախմբվել»,- այսօր կազմակերպված «Սահմանադրական հանրաքվե Արցախում. գնահատականներ և դիտարկումներ» թեմայով քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Միքայել Զոլյանը:

Նրա խոսքով՝ հիմա մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք, երբ ժողովրդավարական նորմերի վերաբերյալ միջազգային հանրության ուշադրությունը մի փոքր թուլացել է: Ըստ նրա՝ շատ երկրներում տեղի է ունենում ժողովրդավարության հետընթաց, անգամ՝ ԵՄ անդամ երկրներում, ԱՄՆ-ում. «Այդ ֆոնի վրա հետխորհրդային այն երկրները, որոնք ժողովրդավարական ֆասադ էին ստեղծում, հիմա այնպիսի տպավորություն է, որ վերջապես այդ պահը եկել է, ու կարող են ազատվել այդ ֆասադից: Ադրբեջանի օրինակը շատ լավ դա ցույց է տալիս: ՀՀ-ում և ԼՂՀ-ում նման մի գործընթաց է, որ մենք մինչև վերջերս փորձում էինք գոնե տպավորություն թողնել, թե հետևում ենք ժողովրդավարական նորմերին, որովհետև համարում էինք, որ դա կարևոր է, իսկ հիմա կարծես դա այդքան էլ կարևոր չէ: Բայց սա խաբուսիկ տպավորություն է, որովհետև, ի վերջո, այս գործընթացները ժամանակավոր բնույթ ունեն, մեկ-երկու տարի հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, ու կստացվի, որ մենք ունենք ինչ-որ քաղաքական համակարգ, որով չենք տարբերվում Թուրքիայից և Ադրբեջանից»:

Քննարկման մյուս բանախոսը՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը (քննարկմանը միացել էր տեսազանգի միջոցով), այն կարծիքին էր, որ Արցախում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունը կոնկրետ անձի իշխանության վերարտադրությանն ուղղված փոփոխություն է. «Ես վստահ եմ, որ «Կողմ»-ի քարոզարշավը կատարած երկու քաղաքական ուժերը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ու «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, 2017 թվականի օգոստոսին, երբ կմոտենա Բակո Սահակյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտը, ԱԺ-ում կառաջադրեն հենց Բակո Սահակյանի թեկնածությունը՝ որպես անցումային շրջանի նախագահի թեկնածու»:

Հարցին՝ փորձագետները, իրավաբանները խոսում են այն մասին, որ ըստ սահմանադրական փոփոխությունների՝ անցումային շրջանի ավարտից հետո, երբ 2020 թվականին նոր Սահմանադրությամբ տեղի ունենան ԱԺ-ի ու նախագահի ընտրությունները, Բակո Սահակյանը նորից հնարավորություն կունենա երկու նախագահական ժամկետ վերընտրվել. այդպե՞ս է, թե՞ ոչ, Հ. Խանումյանը պատասխանեց.

«Ես այդ հարցը հստակ տվել եմ Սահմանադրական հանձնաժողովի անդամներին, այդ թվում նաև՝ դեկտեմբերի 29-ի նիստում նախագահի լիազոր ներկայացուցչին, ինձ պատասխանել են, որ 2020 թվականից բոլորը հավասար են, այսինքն՝ Բակո Սահակյանը կարող է ևս 2 անգամ առաջադրվել նախագահի թեկնածու»:

Տեսանյութեր

Լրահոս