«Նկատելի էր որոշակիորեն ակտիվություն՝ հատկապես շրջաններում, ինչը կասկածների տեղիք է տալիս». Դավիթ Իշխանյան

ԼՂ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, ՀՅԴ անդամ Դավիթ Իշխանյանն այսօրվա «Սահմանադրական հանրաքվե Արցախում. գնահատականներ և դիտարկումներ» թեմայով քննարկման ընթացքում (քննարկմանը միացել էր տեսազանգի միջոցով) ասաց, որ Արցախում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ մեծ խախտումներ չեն եղել, բայց որոշ շրջաններում կասկածելի ակտիվություն է նկատվել.

«Ապրիլյան իրադարձություններից հետո մեր մոտեցումների և սկզբունքների մեջ որոշակի փոփոխություններ եղան, և նոյեմբերին հրապարակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը հիմք հանդիսացավ, որ դեմ լինենք ներկայացված նախագծին: Բայց հանրաքվեն կայացել է, և երեկվա արդյունքներով՝ ազգաբնակչության մոտ 87 %-ը կողմ է քվեարկել: Կան որոշ մտահոգություններ, որոնք, բուն քարոզարշավի և երեկ հանրաքվեի ընթացքում իրականացված գործընթացի հետ կապված. նկատելի էր որոշակիորեն ակտիվություն՝ հատկապես շրջաններում, ինչը կասկածների տեղիք է տալիս: Բայց դիտորդներն ու հանձնաժողովի անդամներն աղաղակող երևույթների չեն հանդիպել»:

Հարցին՝ ի՞նչ կասկածելի ակտիվության մասին է խոսքը, նա պատասխանեց. «Կան համայնքներ, որտեղ 97-98 % մասնակցության չափ է գրանցվել, որը, համեմատած 2015 թվականի վերջին խորհրդարանական ընտրությունների հետ, շատ ակտիվ էր, իսկ մենք գիտենք, որ խորհրդարանական ընտրությունները սովորաբար ավելի ակտիվ են լինում: Եվ հանրաքվեի ժամանակ նման ակտիվությունը որոշ շրջաններում կասկածների տեղիք է տալիս»:

Քննարկման մյուս բանախոսը՝ «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանն էլ հավելեց, որ ակնհայտ է՝ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն գտնվում են նույն ռազմաքաղաքական իրավիճակում. «ՀՀ-ում նոր Սահմանադրությունն ընդունվում էր այն նպատակով, որ խորհրդարանական ձևն ավելի ժողովրդավարական է ու կարող է ապահովել ավելի ճիշտ կառավարում ներկա ժամանակաշրջանում: ԼՂՀ-ում հակառակ գործընթացն է:  ԼՂՀ-ն պետք է շատ ավելի ժողովրդավար լինի. հիմա ես վստահ եմ, որ ընտրախախտումներ չեն եղել, բայց դա դրական չէ: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ևս շատ խախտումներով չեն անցնի, բայց երբ ժողովուրդն իր ոտքով գնում է ու քվեարկում այն բանի օգտին, ինչ ուզում է իշխանությունը, դա արդեն վատ է: Ինձ համար ընդունելի չէ նաև այն, որ սա երկատում է առաջացնում հայ ժողովրդի մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս