Բաժիններ՝

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը բացված է

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր «Մոսկվա» կինոթատրոնում: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: 

Փառատոնը մեկնարկեց եվրոպական կինոյի դասական Քեն Լոուչի «Ես՝ Դենիել Բլեյք» ֆիլմով: Ռեժիսորն այս ֆիլմի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, իսկ BAFTA մրցանակաբաշխության ժամանակ այն դարձել է «Տպավորիչ բրիտանական ֆիլմ» անվանակարգի մրցանակակիր: 

Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում ցուցադրվելու է յոթ բրիտանական ֆիլմ: Մայրաքաղաքում ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում`օրական չորս անգամ: Ինչպես նաև ցուցադրություններ կլինեն մարզերում: «Հոբելյանական փառատոնին մենք առաջին անգամ ֆիլմերը կներկայացնենք օրական 4 անգամ: Բոլոր ֆիլմերն արժանացել են տարբեր մրցանակների և ստացել կինոքննադատների բարձր գնահատականը»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: 

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը ներկայացնում է բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն և տպավորիչ աշխատանքները: Մենք առաջարկում ենք տարբեր ժանրերի ստեղծագործություններ` կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա, որի հիմքում ընկած են տարբեր բովանդակություններ` ընտանեկան հարաբերություններ, սոցիալական խնդիրներ և, իհարկե, սեր: Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն ֆիլմեր` նվիրված մարդու իրավունքների թեմային»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ: 

«Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի ընթացքում մենք բացահայտում ենք մարդու իրավունքների, բազմազանության և ներառականության թեմաները: Ես ուրախ եմ, որ փառատոնը մեկնարկում է «Ես՝ Դենիել Բլեյքը» ֆիլմով: Ֆիլմի ուղերձներից շատերը մարտահրավերային են: Անկախ նրանից, համաձայն ենք այդ ուղերձների հետ, թե ոչ, մենք պետք է բաց լինենք լսելու ուրիշների տեսակետները, տեսնելու աշխարհը նրանց տեսանկյունից և նշանավորելու ռեժիսորի իրավունքը՝ արտահայտելու իր տեսակետը»,- ասում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս