Բաժիններ՝

6%. ամենացածր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տարվա կտրվածքով

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր՝ 2017 թ. փետրվարի 14-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում տեղի ունեցած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.0%:

Սա բավականին ցածր դրույք է. վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ 6% սահմանվել է 6 տարի առաջ՝ 2010 թվականի փետրվարին։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը, շատ պարզ ասած, նշանակում է փողի էժանացում։ Այսինքն այն որոշ ժամանակ անց հանգեցնելու է վարկերի տոկոսադրույքների նվազման, ինչն, իհարկե, նպաստում է տնտեսության աշխուժացմանը։

2014 թվականի փոխարժեքային շոկից հետո ՀՀ Կենտրոնական բանկը խստացրեց դրամավարկային քաղաքականությունը և վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցրեց մինչև 10.5%-ի։ 2015 թվականի վերջից ԿԲ-ն սկսեց նվազեցնել տոկոսադրույքը, ինչը շարունակվեց նաև 2016-ի ընթացքում։

Կարդացեք նաև

Սրա հետևանքով, 2016 թվականի ընթացքում՝ հատկապես տարվա երկրորդ եռամսյակում, նվազեցին առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։

Տոկոսադրույքի նվազեցումը նշանակում է ավելի մատչելի ֆինանսավորում, ինչը պետք է դրական ձևով ազդի տնտեսության վրա՝ նպաստի դրա աշխուժացման։ Այսինքն, կառավարությանը ձեռնտու է, որ ԿԲ-ն շարունակաբար նվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Դրա համար զարմանալի չէր, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց, թե արդյոք անընդհատ նվազեցնելո՞ւ են վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ի պատասխան ԿԲ նախագահը նշեց, որ եթե դրա կարիքը լինի՝ կնվազեցնեն (հիշեցնենք, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել էր իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25 տոկոս::

Ուշագրավն այն է, որ դեկտեմբերի 27-ին՝ տոկոսադրույքը իջեցնելու հետ մեկտեղ, ԿԲ խորհուրդն արձանագրել էր, որ քաղաքականության տոկոսադրույքն այսօր բավականին մոտ է երկրի ռիսկ-հավելավճարի մակարդակին, որն ըստ էության համարվում է զարգացող երկրների համար տոկոսադրույքի ստորին սահման: Այսինքն՝ ակնարկել էր, որ դրանից ավելի ցածր տոկոսադրույքն արդեն ռիսկային է համարվում։

Սակայն, ինչպես տեսնում ենք, ԿԲ-ն, այնուամենայնիվ, որոշեց ևս 0.25 տոկոսային կետով այն նվազեցնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս