«Ո՛չ ես եմ սուրբ, ո՛չ Սեյրան Օհանյանը, բայց Սեյրան Օհանյանն ինչ կարողացել է, բանակի համար արել է». Սասուն Միքայելյան

«Մեր դաշինքը համախմբված է, այսօրվա քվեարկությամբ էլ է պարզ դառնում, թե մենք ինչ ենք ուզում անել, ինչ ճանապարհ ենք բռնել դեպի ժողովրդավարություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը:

Հիշեցնենք, որ այսօր քվեարկությամբ որոշվեց, որ Էդմոն Մարուքյանն է գլխավորելու «Ելք» դաշինքի ցուցակը:

«Մենք չենք ուզում ոչ մեկին քննադատել, եթե մյուս դաշինքներն իրոք ուզում են տանել դեպի ժողովրդավարություն, համակարգային փոփոխություն, իշխանափոխություն, ուրախ կլինենք: Ժամանակը ցույց կտա՝ թե՛ հետընտրական, թե՛ նախընտրական  ժամանակաշրջանում կարող է ինչ-որ իրավիճակ զարգանա, և մարդիկ համախմբվեն: Ոչ մի բան չենք կարող բացառել»,- նշեց Ս. Միքայելյանը:

Հարցին՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հետ համախմբվել պատկերացնո՞ւմ եք՝ Ս. Միքայելյանն այսպես պատասխանեց. «Մարդիկ, ովքեր այսօր հասկացել են, որ ծայրահեղ ծանր վիճակ է, առաջ քայլելու տեղ չկա ապագայում, քայլ են ձեռնարկել: Ես ընդամենը ողջունում եմ, ժամանակը ցույց կտա, ես չեմ ուզում ոչ մեկի քննադատեմ, փնովեմ: Մարդիկ իրենք են ասում, որ էլ հնարավոր չէ, այս երկիրը գնում է դեպի կործանման: Ես այսօր մենակ չեմ կարող իշխանափոխություն անեմ: Պրոցեսներ են զարգանում, ժամանակը ցույց կտա՝ ինչ ճանապարհով կգնանք»:

Կարդացեք նաև

Հարցին՝ Դուք բանակում առկա խնդիրների մեջ չե՞ք տեսնում նաև Ս. Օհանյանի մեղավորությունը, Ս. Միքայելյանը պատասխանեց, որ բանակում առկա խնդիրները չեն գալիս միայն Սեյրան Օհանյանից. «Վերևից ներքև են գալիս: Սեյրան Օհանյանի հետ 1992 թվականից մենք մոտ ընկերներ ենք, մարտական ընկերներ ենք եղել: Ո՛չ ես եմ սուրբ, ո՛չ Սեյրան Օհանյանը, բայց Սեյրան Օհանյանն ինչ կարողացել է, բանակի համար արել է, իր հնարավորության սահմաններում, ինչքան թույլ են տվել՝ ինքն ինքնուրույն գործի»:

Լրագրողի ճշտող հարցին էլ, թե՝ հետընտրական դաշինքի հնարավորություն նրանց հետ տեսնո՞ւմ եք, Ս. Միքայելյանն այսպես արձագանքեց. «Իրենց հետ չէ, ընդհանուր բոլորի հետ: Եթե այս ընտրարշավի ժամանակ երևա, որ դաշինքները գնում են այն ճանապարհով, որ մենք ենք գնում, թե՛ հետընտրական, թե՛ նախընտրական պրոցեսների ժամանակ ամեն ինչ հնարավոր է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս