«Մարդ եղեք, խիղճ ունեցեք, հասկացեք՝ աշխատել ենք, բարի եղեք՝ վճարել». «Կոնտինենտտեքս»-ի աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը

ՀՀ ՆԳՆ իրավասության տակ գտնվող «Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները, արդեն չորրորդ տարին է`, պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը: Նրանք դիմել են տարբեր ատյանների՝ մոտ մեկ տարվա աշխատավարձի պարտքը ստանալու համար, բայց որևէ արձագանք չի եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նրանք դիմեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հույս հայտնելով, որ միայն նա կարող է լուծել այս հարցը:

«Արդեն չորրորդ տարին է՝ ընկերությունը լուծարվել է, գնացել է սնանկացման, բայց մենք չենք կարողանում մեր աշխատավարձերը ստանալ: Բազմիցս դիմել ենք ՆԳՆ աշխատակիցներին, փոխնախարարին, վարչության պետին, բայց արձագանք չկա: Ճիշտ է՝ իրենք չեն ասում՝ չեք ստանալու, ասում են՝ կստանաք, բայց արդեն չորրորդ տարին է՝ ոչ մի կոպեկ չենք ստացել: Մենք վարչապետին նամակ ենք գրում, բայց այն ուղարկում են Գույքի կառավարման վարչություն: Նույնիսկ պատասխանատուին եմ զանգել և ասել, որ ուզում ենք՝ վարչապետը կարդա մեր նամակը, ինչո՞ւ եք մեր նամակն ուղարկում Գույքի կառավարման վարչություն, մեզ պատասխանեց, որ օրենքն է այդպիսին»,- մանրամասնեց «Կոնտինենտտեքս» ՓԲԸ նախկին աշխատակցուհի Գոհար Թամամյանը:

Նրա խոսքով՝ ոչ ոք իրենց բանի տեղ չի դնում. «Հինգշաբթի օրերը մեզ համար աշխատանքային օր էր դարձել, տեղն էլ՝ Կառավարության շենքի դիմաց, բայց ոչ մի արձագանք: Դիմում ենք պարոն վարչապետին, որ հասկանան՝ մեր պահանջն արդար է, մենք աշխատել ենք և ուզում ենք՝ մեր աշխատավարձերը վճարեն»:

«Կոնտինենտտեքս» ՓԲԸ նախկին աշխատակցուհին նշում է, որ նախկինում ընկերությունը միշտ ժամանակին է վճարել աշխատավարձերը.  «Բայց երբ նախարարը փոխվեց, քավոր-սանիկ խառնեցին, բերեցին մի ապիկարի նշանակեցին տնօրեն, որը քանդեց հիմնարկը: Այսինքն՝ երբ տնօրենի պաշտոնում Աշոտ Ավետիսյանին փոխարինեց Սամվել Բեկչյանը, ընկերությունը սնանկացավ, ապա՝ լուծարվեց»:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ այդ մեկ տարվա ընթացքում ի՞նչ պատճառաբանությամբ չէին վճարում աշխատավարձերը, Գոհար Թամամյանը պատասխանեց. «Ասում էին՝ կլինի: Ոչ ոք չի ասել՝ մի աշխատի, ես քեզ ի վիճակի չեմ աշխատավարձ տալ: Ասում էին՝ լավ է լինելու: Հիմա մարդ ամաչում էլ է. մուրացկանի պես՝ ընկած ենք սրա-նրա դռները: Մենք աշխատել ենք էդ փողը, քրտնել ենք դրա համար, մարդ եղեք, խիղճ ունեցեք, հասկացեք՝ աշխատել ենք, բարի եղեք՝ վճարել»:

Ընկերության աշխատակիցները նշեցին, որ յուրաքանչյուրին 700-800 հազար դրամ են պարտք, բայց վերջնահաշվարկ ոչ ոք չի ստացել. «Բանվորները վերջում մի կերպ փողերը վերցրին, իսկ ադմինիստրացիան չստացավ: Էնքան անհուսալի վիճակում ենք: Ու գնում ես՝ աշխատանք չեն տալիս, ասում են՝ 35-45 տարեկան: Թե էդ թոշակներն ինչի՞ դարձրին 63 տարեկանից. 50-ից հետո մարդիկ պետք է մեռնեն: Եթե կինն ընդունակ է աշխատելու, ինչո՞ւ աշխատանք չեն տալիս, որ մարդն աշխատի»:

Ընկերության նախկին աշխատակցուհիներից Սիրանուշ Խալաթյանն էլ նշեց. «300 մարդու կրճատեցին, ուղարկեցին իրենց տները, տարիներով էլ աշխատավարձերը չեն տալիս: 40 տարի աշխատել եմ ես այդ հիմնարկում»:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ այս ընկերությունը ժամանակին մասնակցում էր պետական գնումներին: Սակայն 2009-2013 թվականների ընթացքում էապես նվազեցին ընկերության հիմնական գծով արտադրանքի իրացման ծավալները:  2012 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ընկերության վնասը կազմել էր 55,2 մլն դրամ: Անգամ արտադրամասի շենքն էր վաճառվել:

Ընկերության վերջին տնօրեն Սամվել Բեկչյանը ՊԵԿ քննչական բաժնում հարուցված գործի շրջանակում դիտարկվում է՝ որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 193 հոդվածով և 205 հոդվածի առաջին մասով՝ վտանգավոր հասարակական գործողությունների համար։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս