«Աղմկահարույցն այն է, որ Ռուսաստանի կարծիքը բացարձակապես արհամարհվեց եղբայրական Բելառուսի կողմից». Զատուլին
168.am-ի զրուցակիցն է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինը։ Վերջինս բազմիցս հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակներում», ներկայումս ևս նա ընդգրկված է այդ ցուցակում Արցախ այցելության համար։
– Պարոն Զատուլին, փաստորեն անտեսելով եվրասիական երկու գործընկերների և Իսրայելի հորդորները, Մինսկն այնուամենայնիվ արտահանձնեց ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Լապշինին։ Ինչպե՞ս եք գնահատում Լապշինի գործն ընդհանրապես և Մինսկի այս որոշումը։
– Գնահատում եմ չափազանց բացասական, այլ կարծիք լինել չի կարող։ Նման որոշում ես չէի սպասում։ Մինչ արտահանձնումը ռուսական ԶԼՄ-ներով բազմիցս անդրադարձել եմ այս թեմային՝ զգուշացնելով, որ այն որոշումը, որը կայացրեց բելառուսական դատարանը Լապշինի արտահանձնման հարցով, հակամարտությունների կարգավորման հարցում նոր, բացասական պրակտիկա է ձևավորում ոչ միայն հետսովետական տարածքում, այլև ընդհանրապես, քանի որ միջազգային հարաբերությունները՝ ոչ միայն երկկողմանի, իջեցնում է անձնական ճակատագրի մակարդակին, այս դեպքում ոչնչում մեղք չունեցող մարդուն դատապարտելով ազատազրկման։ Բազմիցս պնդել եմ նաև, որ պետք է հաշվի առնել ՌԴ-ի, Իսրայելի և ՀՀ ԱԳ նախարարությունների, միջազգային հանրության հորդորները և դիրքորոշումը։
Մենք հույս ունեինք, որ առաջին հերթին՝ նման որոշում չի կայացվի, և երկրորդ՝ չի իրականացվի հանձնումը, ինչպես գիտենք, երեկ այն կայացավ։ Այսօր մենք Դումայում ունենալու ենք հանձնաժողովի նիստ, և ես պատրաստվում եմ առաջարկել այս հարցով հայտարարություն ընդունել, քանի որ վստահ եմ, որ մենք չպետք է անտարբեր գտնվենք նման փորձությունների նկատմամբ, ինչը, իհարկե, ցույց է տալիս ՌԴ ԱԳ նախարարությունը՝ ակտիվորեն զբաղվելով այս հարցով։
– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Բելառուսի իշխանությունները նման որոշում կայացրին։
– Ես արտահանձնման պատճառները չեմ ցանկանում քննարկել։ Կարծում եմ, որ այս որոշման ողջ պատասխանատվությունը երկու երկրների՝ Ադրբեջանի և Բելառուսի վրա է։ Բայց ցանկությունը՝ պահպանել բարիդրացիական հարաբերություններ ԱՊՀ-ի շրջանակում տարբեր երկրների հետ, նրանցից մեկը մեր ամենամտերիմ գործընկերն է, քանի որ մեզ հետ միությունների մաս է կազմում՝ ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, մյուսը, չլինելով այս կազմակերպությունների կազմում՝ ԱՊՀ անդամ է, մեր հարևանն է, այլ անձանց վրա բարդելով սեփական անբավարարվածությունը, սեփական հավակնությունները կամ նրանց հաշվին կառուցելով սեփական հարաբերությունները, բացարձակապես անընդունելի են և չեն կարող անհետևանք մնալ ռուս-ադրբեջանական և ռուս-բելառուսական հարաբերությունների համար։
– Պարոն Զատուլին, ի՞նչ հետևանքներ նկատի ունեք։ Լապշինի արտահանձնումից հետո բուռն քննարկումներ են ծավալվում ՀՀ ԱԺ-ում, որտեղ պատգամավորները պահանջում են բողոքի նոտա հղել Բելառուսին, ետ կանչել դեսպանին, բարձրացնել Բելառուսի ՀԱՊԿ անդամակցության դադարեցման հարցը, և այլն, և այլն։ Չէ՞ որ նման որոշումները հեղինակազրկում են այն կառույցներում առկա արժեքային համակարգը, որի մասն են Հայաստանը, Ռուսաստանը և Բելառուսը։
– Ինչպես ասացի, կլինեն հետևանքներ, այս պահին դժվար է ասել՝ ինչպիսի որոշումներ կկայացվեն։ ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է զբաղվել այս հարցով, իր պատասխանատվությունը չթերագնահատելով՝ մեր արտաքին գերատեսչությունը պայքարում է ՌԴ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով հայտնվում է նման իրավիճակում՝ լինի դա ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Ադրբեջանում։ Նրա երկրորդ, երրորդ, չորրորդ քաղաքացիության գործոնը մեզ համար կարևոր չէ, մեզ համար կարևոր է այն փաստը, որ Լապշինը ՌԴ քաղաքացի է։ Ավելին, աղմկահարույց է, հրահրող, որ մեր կարծիքը բացարձակապես արհամարհվել է եղբայրական երկրի կողմից, որը գտնվում է ոչ թե պարզապես ինչ-որ ձևաչափերում մեզ հետ, այլ գործընկերային կազմակերպությունում և գործընկերային հարաբերությունների մեջ։
Սակայն, ինչպես երևի թե գիտեք, այդ եղբայրական պետությունը վերջին շրջանում, վերջին տարիների ընթացքում երբեք չի աջակցում Ռուսաստանին կոնֆլիկտային իրավիճակներում՝ երբ հարցը վերաբերում է Հարավային Օսիային և Աբխազիային, Ուկրաինային, երբ գործը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանը։ Ռուս-թուրքական լարվածության ժամանակ Լուկաշենկոն նույնիսկ սլացավ Թուրքիա և հանդես եկավ այնտեղ Իսլամական պետությունների կազմակերպության գագաթաժողովին, ինչը բավականին տարօրինակ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսն Իսլամական պետությունների հետ որևէ առնչություն չունի։ Ահա այսպիսի գործընկեր մենք ունենք, ի՞նչ կարող եմ ասել։
– Ասացիք, որ բացասական պրակտիկա է ձևավորվում հակամարտ գոտիների համար։ Այսինքն, ըստ Ձեզ՝ սա իսկապե՞ս կարող է նախադեպ դառնալ, և այն մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակում, կարող են երրորդ երկրներից արտահանձնվել Բաքու, այդ թվում՝ Դուք, քանի որ Դուք ևս ընդգրկվել եք այդ ցուցակում Արցախ այցելությունների համար։
– Այո, ես ևս այդ ցուցակում եմ։ Ես, իհարկե, ևս կարող եմ ինձ այդ հարցն ուղղել, թեև, ի տարբերություն Լապշինի, ես չունեմ երկքաղաքացիություն, ես ունեմ դիվանագիտական անձնագիր։ Բայց ես չգիտեմ, թե որտեղ է ավարտվում Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի բարեկամության սահմանը։ Եթե այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, քաղաքացիությունը չի հանդիսանում արգելակող գործոն նրանց համար, ապա, ինչպես ասում են, «чем черт не шутит»: