Հայտնի են Հայաստան-Վրաստան օդային գծի կառուցման մրցույթի մասնակիցները

Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանների կառուցման ծրագրի իրականացման կապալառու կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ութ ընկերություն և մեկ կոնսորցիում։ Դրանք տարբեր երկրներ ներկայացնող հայտնի ընկերություններ են։

Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի և ենթակայանների կառուցման համար դիմել են չինական Sinohydro corporation, գերմանական՝ Siemens AG ընկերությունները և շվեդա-իսպանական՝ ABB AB-COBRA կոնսորցիումը։

Էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման հայտատուների թիվը վեցն է. Դրանք են՝ Sinohydro Corporation LTD (Չինաստան), Isolux Ingeneria (Իսպանիա), Dalekovod JSC (Խորվաթիա), ՕՕՕ Kaskad-Energo (ՌԴ)՜ KEC International limited (Հնդկաստան) և Kaplataru Power Transmission limited (Հնդկաստան) ընկերությունները:

Մրցույթի հաղթողները կորոշվեն ներկայացված փաթեթների ուսումնասիրությունից հետո։

Հիշեցնենք, որ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանների կառուցման ծրագրի իրականացման նպատակն է միացնել հայկական և վրացական էլեկտրաէներգետիկական համակարգերը։ Ըստ այդմ, երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում կհասնի 350 ՄՎտ-ի, երկրորդում՝ 700 ՄՎտ-ի, իսկ վերջնական փուլում` ելնելով շուկայի և տարածաշրջանային համագործակցության պահանջներից՝ 1050 ՄՎտ-ի: Ծրագրի արդյունքում Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերը հնարավորություն կստանան աշխատել ասինխրոն ռեժիմում։ Էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմամբ կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային հյուսիս-հարավ՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացումը:

Առաջին փուլի իրականացման նպատակով ներգրավվել են շուրջ 188 մլն եվրոյի վարկային և դրամաշնորհային միջոցներ։ Շինարարությունը նախատեսվում է մեկնարկել այս տարի։

Տեսանյութեր

Լրահոս