Բաժիններ՝

Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյան, ի՞նչ է, Դուք օրենքից վե՞ր եք

 ՀՀ վարչապետի ուշադրությունն եմ հրավիրում երկրում տարածված այս խնդրի վրա: Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի հետ մարզպետի կնքած պայմանագրի ժամկետը լրացել է 2016թ. նոյեմբերի 15-ին:

Տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը եռամսյա ժամկետում պետք է կազմակերպի և անցկացնի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը: Ըստ դպրոցի կառավարման խորհրդի որոշման՝ 2017-ի հունվարի 20-ին նշանակվել է մրցույթի օր: Նկատենք, որ դպրոցի կառավարման խորհրդում մարզպետն ունի երկու ներկայացուցիչ՝ Արմավիրի մարզի ԱԻՆ-ի աշխատակից Աշոտ Հակոբյանն ու մարզպետարանի աուդիտի բաժնի աշխատակից Վիգեն Խաչատրյանը:

Հավելեմ, որ խորհրդի նախագահը հենց ԱԻՆ աշխատակիցն է, կասկածից վեր է՝ մարզպետի ցուցումով: Հունվարի 20-ին մրցույթին ներկայացել են դպրոցի կառավարման խորհրդի 5 անդամներ, չեն ներկայացել խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանը, Վիգեն Խաչատրյանն ու ԿԳՆ-ի կողմից նշանակված Վարդանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Հովասափյանը: Ըստ վերոնշյալ կարգի՝ մրցույթն իրավազոր է համարվում, եթե մասնակցում են խորհրդի 6 անդամներ: ԿԳՆ ներկայացուցիչն արձանագրել է մրցույթի ոչ իրավազոր լինելն ու հետաձգել է 5 աշխատանքային օրով: Հունվարի 27-ին կրկնվել է նույն պատմությունը. կրկին չի ներկայացել դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանը, ու քանի որ մեկ թեկնածու է եղել, գործող կարգի համաձայն՝ հայտարարվելու է նոր մրցույթ:

Մարզպետների կողմից կիրառվող շատ հայտնի մանիպուլյացիա է, երբ տարբեր պատճառներով, նաև կոռուպցիոն, նրանք ուզում են ազատվել գործող տնօրենից՝ հայտարարելով, ինչպես պարոն Ղահրամանյանն է ասել, տնօրենը չի համապատասխանում այդ պաշտոնին:

Ի գիտություն պարոն Ղահրամանյանին, նախ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված է, թե որ դեպքում անձը չի կարող առաջադրվել, ընտրվել դպրոցի տնօրեն, երկրորդ՝ տնօրենի գործունեությունն ուսումնասիրելն ու այդ անհամապատասխանությունն արձանագրելը ԿԳՆ Կրթության տեսչության գործառույթն է, ոչ՝ մարզպետինը:

Մեկ այլ հարց. ի՞նչ տրամաբանությամբ է մարզպետը դպրոցի կառավարման խորհրդում որպես տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ նշանակում մարզի ԱԻՆ աշխատակցին, որն էլ, իհարկե իր ցուցումով, դառնում է խորհրդի նախագահ, ինչպե՞ս է այս մարդն ապահովելու դպրոցում ժողովրդավար կառավարումն ու պաշտպանելու երեխաների կրթության շահերը, մի՞թե դպրոցի մանկավարժներից որևէ մեկն արժանի չէր այդ դերակատարմանը: Ակնհայտ է, որ այստեղ էլ ամեն ինչ թելադրվել է մարզպետի կողմից, որպեսզի դպրոցն ամբողջությամբ լինի իր համար վերահսկելի ու կառավարելի: Հարց է ծագում, թե դպրոցի կառավարման խորհրդի նախագահն ու 2 անդամներն ինչու չեն ներկայացել երկու նիստերին էլ, պատասխանն ակնհայտ է՝ մրցույթը տապալելու նպատակով:

Հ.Գ. ՀՀ մարզպետերին, այս դեպքում ի դեմ Արմավիրի մարզպետի, բոլորովին չի հետաքրքրում կրթության կազմակերպման գործընթացի օրինականությունը, նրանք առաջնորդվում են միայն այլ շահերով:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս