Բաժիններ՝

Կարեն Դուրգարյանը Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնում տեսնում է Բարսեղ Թումանյանին կամ Հասմիկ Պապյանին. Դուրգարյանը Երևանում է

Կարեն Դուրգարյանը երկօրյա այցով Հայաստանում է: Դիրիժորի բազմազբաղ գրաֆիկի առաջնային պլանների մեջ է մտնում սիմֆոնիկ համերգ՝ Նոյեմբերյանի զորամասերից մեկում, որից հետո նա կշարունակի արտասահմանյան հյուրախաղերը:

Հայաստան ժամանելուց բառացիորեն ժամեր անց «168 Ժամը» հասցրեց հանդիպել և զրուցել Կարեն Դուրգարյանի հետ:

Պարոն Դուրգարյան, Հայաստանում գտնվելու առիթով հատուկ հրավեր կա՞ այս անգամ:

– Երկու օրով եմ այստեղ, Ալ. Սպենդիարյան անվան օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի կողմից նախատեսված համերգի առիթով, որ տեղի կունենա վաղը՝ Նոյեմբերյանի զորամասերից մեկում:

Կարդացեք նաև

– Ովքե՞ր են նվագելու այս անգամ Ձեր ղեկավարությամբ:

– Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբից վերցված մենակատարների խմբի հետ, այսինքն՝ մեր կոլեգաները, որոնց հետ մեծ հաճույքով կաշխատեմ համերգի շրջանակներում:

– Փաստորեն, երաժիշտները Ձեր նախկինում ղեկավարած նվագախմբի անդամնե՞րն են…

– Այո, իսկ ի՞նչ կա զարմանալու, նրանք իմ ընկերներն են, ի վերջո, ստեղծագործական պրոցես է, և բոլոր նման համերգները, որ եղել են այս տարիների ընթացքում, համաձայնեցվել է թատրոնի տնօրինության հետ:

– Պարոն Դուրգարյան, մոտավորապես մեկ տարի առաջ Դուք մեկնեցիք Հայաստանից, ու կարծեմ՝ նեղացած էիք…

– Հայաստանից երբևիցե նեղացած չեմ գնացել, որովհետև Հայաստանը ծնողին համահավասար արժեք է, և ինչպե՞ս կարելի է ծնողից նեղացած գնալ…

– Ուրախ սրտո՞վ էիք գնում, պարոն Դուրգարյան:

– Ես շարունակել եմ ապրել այստեղ, պարզապես համագործակցում եմ բարձր կալիբր ունեցող թվով յոթ օպերային թատրոնների հետ, որի առիթով շատ ուրախ եմ՝ նախ՝ ինձ համար, հետո՝ այն դպրոցի, որտեղ ես շարունակում եմ ուսանել, ամբողջ աշխահին ցույց տալով իմ ուսուցիչներից ստացած ձեռքբերումները: Ինչ վերաբերում է գնալուն՝ ես հանգիստ խղճով գնում եմ և նույնքան հանգիստ՝ վերադառնում:

– Ձեր բացակայության ընթացքում մենք նոր մշակույթի նախարար ունեցանք: Ինչպե՞ս ընդունեցիք այդ լուրը, կարծեմ՝ արտասահմանյան հյուրախաղերի էիք այդ ընթացքում:

– Եթե անկեղծ ասեմ՝ ժամանակին արված յուրաքանչյուր փոփոխություն շատ ակտուալ է և ընդհանրապես օգտակար մեր երկրի համար: Կյանքը զարգանում է, և այդ պրոցեսի մեջ պետք են մարդիկ, ովքեր կարողանում են իրենց գրագիտությունը ծառայեցնել հայրենիքին: Այդ առումով նոր նախարարի մասին լուրերից առաջին զգացողությունը, որ ունեցա, այն էր, որ իմանալով Արմեն Ամիրյանի պարկեշտ և լավ քաղաքացի ու հայ լինելու փաստը՝ մտածեցի, որ մի քանի քայլով կարագանա մշակույթի զարգացումը:

– Պարոն Դուրգարյան, երբ Ձեզ հեռացրին Օպերային թատրոնից, թատրոնի ղեկավարությունն այդ որոշումը պարզաբանեց կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտությամբ: Այդպիսի փոփոխություններ, սակայն, չկատարվեցին, փոխարենը՝ այսօր արդեն այնտեղ կադրային փոփոխություններ են տեղի ունենում, և թատրոնը ժամանակավոր տնօրեն ունի, առաջիկայում հայտնի կդառնա նոր տնօրենի անունը: Շրջանառվում է նաև մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի թեկնածությունը:

– Ասում եք՝ շրջանառվում է… այսինքն՝ առայժմ խոսակցությունների մակարդակով: Եթե նախարարը գտնի, որ այդպես պետք է լինի, ուրեմն՝ այդպես կլինի: Իմ խորին համոզմունքն է՝ արվեստի բնագավառում պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները: Մենք հայրենիքից դուրս ունենք այդպիսիք՝ գերպրոֆեսիոնալներ, որոնք թատրոնը գիտեն 200 տոկոսով, ինչպիսիք կարող են լինել, օրինակ՝ Բարսեղ Թումանյանը կամ Հասմիկ Պապյանը:

– Պարոն Դուրգարյան, Դուք որևէ մեկից վիրավորված չե՞ք, դա ֆիքսենք:

– Հայաստանից չի կարելի վիրավորվել…

– Իսկ մարդկանցի՞ց…

– Եթե նա մարդ է, ո՞նց կարող ես նեղանալ, բայց եթե մարդ չէ՝ նեղանաս-չնեղանաս, ի՞նչ իմաստ ունի:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս