«Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի ընթացքում հստակեցվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ժամկետը»
Առաջիկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել։ Օրերս ընդունելով Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնին, Սարգսյանն ասել էր, որ զգալիորեն աշխուժացել է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում: Իսկ Քրիստիան Դանիելսոնը կարևորել էր ՀՀ նախագահի սպասվող այցը Բրյուսել, որը, նրա համոզմամբ, նոր լիցք կհաղորդի փոխգործակցության զարգացմանը: Ինչպես հայտնի է, ՀՀ-ԵՄ բանակցություններն իրենց ավարտական փուլում են, և դրանց ավարտը հայտարարելու համար պահանջվելու է բանակցային 1-2 փուլ։ Սակայն դեռևս հայտնի չէ` երբ կողմերը կստորագրեն շրջանակային համաձայնագիրը։
«168 Ժամի» թղթակցի հետ զրույցում լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտն ասաց, որ ՀՀ-ԵՄ բանակցվող շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ` այս այցը կարևոր քաղաքական ազդակ կդառնա Եվրոպական միության համար, քանի որ ենթադրաբար ՀՀ նախագահը կվերահաստատի համաձայնագիրը ստորագրելու, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու` ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը։ Բացի դրանից, ըստ նրա, քննարկման առարկա կդառնա ԵՄ-ի ֆինանսավորումը հայաստանյան ընտրական գործընթացներին, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ՀՀ-ԵՄ համագործակցությունը, թեմաները, որոնք Եվրոպական միության դիտակետում են Հայաստանում։
«Սա ավանդական ընթացակարգ է, երբ ավարտվում են բանակցությունները, բանագնացները կատարում են իրենց գործը, կողմերը պաշտոնական այցերի միջոցով վերահատատում են իրենց նվիրվածությունը գործընթացին, այսինքն` բանակցություններն ամրապնդվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Սա նշանակում է, որ բանակցություններն ըստ էության ավարտվել են, կամ գլխավոր որոշումները` կայացվել, ինչի վառ ապացույցն էր նաև Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Դանիելսոնի այցը Հայաստան` բանակցությունների եվրոպական բանագնացի հետ միասին։
Չեմ բացառում, որ այս այցի ընթացքում հստակեցվի համաձայնագրի ստորագրման ժամկետը»,- ասաց Զաշտովտը։
Վերջինիս համոզմամբ, այնուամենայնիվ, կողմերը չեն հասցնի համաձայնագիրը վավերացնել մինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը, թեև տպավորություն կա, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՀՀ-ն մտադիր չեն երկարաձգել գործընթացները։ Լեհ վերլուծաբանի խոսքով` նախկինի փորձից կողմերը դասեր են քաղել, ուստի պետք է փորձեն հնարավորինս արագ կերպով ընթանալ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
Զաշտովտի կարծիքով, ՀՀ իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու իրենց կամքը կարող են վերահաստատել նաև արդար ընտրությունների անցկացման միջոցով, որի համար ԵՄ-ն շուրջ 7 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին։
«Սա պատահական չէ, թեև ԵՄ-ն մշտապես հայտարարում է, դա այդպես էլ կա, չի միջամտում հայաստանյան ներքաղաքական գործընթացներին, այլ սատարում է ժողովրդավարական գործընթացների կայացմանը։ Եթե այդ գումարներն իրենց նպատակին չծառայեն, ԵՄ-ն ստիպված կլինի վերանայել Հայաստանին տրվող ֆինանսավորումը կամ ընդհանրապես վերանայել Հայաստանի ուղղությամբ իր հանձնառությունները։ Ուստի, վստահ եմ, որ ՀՀ նախագահի առաջիկա այցի ընթացքում ԵՄ պաշտոնյաները ևս հնարավորություն կունենան իրենց հստակ դիրքորոշումը հայտնելու այս բոլոր հարցերի վերաբերյալ»,- ասաց Զաշտովտը։
Հիշեցնենք, որ գրեթե չորս տարի Հայաստանն ու Եվրամիությունը բանակցեցին շրջանակային համաձայնագրի շուրջ, սակայն բանակցությունների ավարտից հետո` 2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անակնակալ հայտարարեց, որ Երևանը ստորագրելու է Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթուղթը, ինչը ենթադրում էր հրաժարում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր կնքելուց։
Երկու տարվա ընդմիջումից հետո, 2015թ. հոկտեմբերի 12-ին Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին` սկսել բանակցություններ Հայաստանի հետ` նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ` տրամադրելով համապատասխան բանակցային մանդատը։