«Ադրբեջան-Ուկրաինա պայմանավորվածությունը վկայում է, թե որքան մեծ բաց կա հայ-ուկրաինական հարաբերություններում». Ռուբեն Մեհրաբյան
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Ուկրաինան պայմանավորվել են թույլ չտալ այն ապրանքների ներկրումն իրենց երկիր, որոնք արտադրվել են «Բաքվի ու Կիևի վերահսկողության սահմաններից դուրս»՝ Լեռնային Ղարաբաղում ու Դոնբասում, Interfax-ին հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն։ «Պյոտր Պորոշենկոյի՝ Բաքու այցի ժամանակ երկու երկրների ղեկավարները հանձնարարել են Ուկրաինայի և Ադրբեջանի մաքսային կառույցների ղեկավարներին՝ հանդիպել և քննարկել ապրանքների ներկրման հարցը, որոնք մատակարարվում են երկու երկրների օկուպացված տարածքներից։ Մաքսային կառույցների ղեկավարները հանդիպել են ու մշակել մեխանիզմ, որի համաձայն՝ այդ տարածքների ապրանքները կարող են մատակարարվել միայն այն դեպքում, եթե լիզենցավորված են Կիևի ու Բաքվի կողմից»,- ասել է Միշչենկոն։ Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ
– Պարոն Մեհրաբյան, ինչպե՞ս կարելի է գնահատել այս որոշումը։ Ինչո՞ւ է Ուկրաինան համաձայնել նման պայմանավորվածության Ադրբեջանի հետ։
– Նախևառաջ՝ այս պայմանավորվածությունն ունի քաղաքական բովանդակություն։ Բնականաբար, այս հարցում Ադրբեջանը շատ ավելի մեծ շահառու է։ Բաքուն փորձում է նույնացնել Ղարաբաղյան խնդիրը Դոնբասի հետ, ինչը, մեղմ ասած, կոռեկտ չէ։ Եթե Դոնբասի հակամարտության գլխավոր պատճառը ռուսական ագրեսիան է Ուկրաինայի նկատմամբ, ինչը փաստ է, ապա Ղարաբաղյան հարցը, շատ լավ գիտենք, որ շատ ավելի բարդ է, անհամեմատելի Դոնբասի հետ։ Ադրբեջանն ինքն է հանդիսանում ռուսական շահերի գլխավոր պրովայդերը տարածաշրջանում։ Իհարկե, ինձ համար զարմանալի է, թե ինչպես է Ուկրաինան գնում նման պայմանավորվածությունների՝ շատ պարզ պատճառով, որովհետև գոնե պարզ չէ, թե ինչպես կարող է դիկտատոր Պուտինի քաղաքականությունից տուժած պետությունը գնալ գործարքի դիկտատոր Ալիևի հետ, մինչ այդ էլ՝ դիկտատոր Էրդողանի հետ։ Ի վերջո, փաստ է նաև, որ թուրք բիզնեսմենները գնում են Ղրիմ այսօր։ Կարծես թե, դա Կիևի խիստ գնահատականին առայժմ չի արժանանում։ Ընդ որում, թուրքերը դա անում են ռուսների հետ փոխադարձ պայմանավորվածության արդյունքում։ Այնպես որ, ես կարծում եմ, որ սա ունի քաղաքական բովանդակություն։
Կարծում եմ՝ այս պայմանավորվածությունը նաև վկայում է, թե որքան մեծ բաց կա հայ-ուկրաինական հարաբերություններում։ Ասել եմ, կրկնեմ, որ հայկական դիվանագիտությունն այսօր պարզապես չի աշխատում Ուկրաինայի ուղղությամբ, Ուկրաինայում հայկական թեման շրջանառվում է Ուկրաինայի հայերի միության ինչ-որ միջոցառումների շնորհիվ, բայց այստեղ, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունը դերակատարություն չունի։ Ավելին ասեմ, հայկական դիվանագիտությունը մատների արանքով է նայում նույնիսկ, երբ հայ-ուկրաինական հարաբերությունները դառնում են թյուրիմացությունների զոհ։ Ես կարծում եմ, որ պետք է շատ բաներ փոխել այստեղ։
– Հայաստանն ի՞նչ խնդիր պետք է լուծի այս հարցում և ինչպե՞ս պետք է աշխատի Ուկրաինայի հետ։
– Հայաստանն Ուկրաինայի հետ հարաբերությունները չպետք է պայմանավորի Ռուսաստանով։ Այստեղ ռուսները պարզապես աղտոտում են, ապականում են հայ-ուկրաինական հարաբերությունները, ընդ որում, թե պրոպագանդայի, թե ինստիտուցիոնալ մակարդակով։ Հայ-ուկրաինական հարաբերությունները պետք է դուրս բերվեն Ռուսաստանի ազդեցությունից։ Դա պետք է լինի հայկական դիվանագիտության թիվ մեկ խնդիրը, որը չի արվում։ Ես այս մասին ասել եմ դեռևս 2013 թվականից։ Իսկ քանի դեռ դա չի արվում, մենք նման պայմանավորվածություններ կունենանք։ Ճիշտ է, սա տնտեսական իմաստով մեծ վնաս հայկական կողմին չի պատճառելու, բայց այնուամենայնիվ, սա քաղաքական հարված է հայկական դիվանագիտությանը։
– Այս դեպքում տեղին կլինի՞ նոտա հղել կամ բացատրություն պահանջել ուկրաինական կողմից։ Այս դեպքում կոնկրետ ինչպե՞ս պետք է վարվել։
– Ոչ թե նոտա է պետք հղել, այլ ուկրաինական կողմի հետ պարզապես պետք է մշտական քաղաքական կոնսուլտացիաների ձևաչափ ձևավորել և նման հարցերը լուծել բարիդրացիության պայմաններում, որի հիմքերն ավելի քան կան։