Բաժիններ՝

«Երբ Մեսրոպ Մաշտոցը ներմուծեց հայոց գրերը, շատ երկար տարիներ շատերը դեռ հունական տրանսլիտով էին շարունակում գրել». Սամվել Մարտիրոսյան

Համացանցի անվտանգության համաշխարհային օրվա առիթով և համացանցում հայկական այբուբենի օգտագործման օրվան նվիրված՝ այսօր  լրագրողների հետ հանդիպել էին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար, Համացանցում հայկական այբուբենի օգտագործման օրվա նախաձեռնող Զոհրաբ Եգանյանը:

Համացանցին միացող բոլոր սարքերն այսօր ունեն հայատառ գրելու հնարավորություն, և ծրագրերը, որոնք պակաս կարևոր չեն, կարելի է ներբեռնել անվճար:

Ասուլիսի մասնակից բանախոս Զոհրաբ Եգանյանը սա մեծ ձեռքբերում է համարում և հավելում.

«Եթե դիտարկումներ անենք, ապա կտեսնենք, որ մեր նախաձեռնության մեկնարկին՝ 2012 թվականին, համացանցում բավականին վատ վիճակում էր մեսրոպատառ հայերենի խնդիրը: Կային նույնիսկ շատ հայտնի օգտատերեր՝ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, ովքեր սեցիալական ցանցերում իրենց գրառումները կատարում էին լատինատառ հայերենով, այսինքն՝ առկա էր մի իրավիճակ, երբ ես նախատեսում էի, որ գալիք սերնդի համար հարցեր կառաջանան՝ վերջապես ո՞րն է ճիշտ հայերենը՝ մեսրոպատա՞ռը, թե՞ լատինատառը, կամ, որ ավելի տգեղ երևույթ էր՝ այլ այբուբեններով հայերեն գրելը: Այսօր վիրտուալ տարածքի մեզ հայտնի բոլոր բլոգերներն անցյալ տարի մեր կողմից նախաձեռնված հանդիպման ընթացքում կոչ արեցին, որպեսզի օգտատերերից յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում համացանցում նպաստի հայատառ գրելու մշակույթին: Կոչին միացավ նաև Թևան Պողոսյանը՝ Ազգային ժողովի ամբիոնից: Անցյալ տարվանից արդեն մեր բջջային օպերատորներից մեկը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, սկսեց հայատառ հաղորդագրություններ ուղարկել իր բաժանորդներին, ինչը նույնպես շատ կարևոր ձեռքբերում էր»:

«Համացանցում հայատառ գրելու հարցն իրականում ավելի շատ կոմպլեքս է, քան կարող է թվալ, որովհետև կան իներցիոն խնդիրներ, և ինտերնետ հանրությունը սկսել էր օգտվել այլ հայերենների ծառայություններից,- նկատում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը,- Կարծում եմ, երբ Մեսրոպ Մաշտոցը ներմուծեց հայոց գրերը, շատ երկար տարիներ շատերը դեռ հունական տրանսլիտով էին շարունակում գրել: Այնպես որ, այդ իներցիան միշտ է գոյություն ունեցել: Այլ խնդիր է, որ շատերը լատինատառ են գրում՝ ելնելով նրանից, թե իրենց սարքերը թույլ չեն տալիս, կամ սովորություն է, այլ դա նաև գրագիտության հարց է: Շատերի համար այդպես ավելի հեշտ է սխալներ չանել, որովհետև լատինատառ հայերենը պարզապես «ներում» է շատ սխալներ»:

Սամվել Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ այս պարագայում մենք բախվում ենք նաև տարատեսակ այլ հարցերի հետ, օրինակ՝ մայրենի լեզվով անսխալ գրելու համար անհրաժեշտ է լինել շատ ավելի կարդացած, իսկ Հայաստանում գիրք կարդացողների քանակը շատ քիչ է, միաժամանակ արձանագրելով, որ հայատառ բովանդակությունը համացանցում համեմատաբար քիչ է:

Բանախոսը համոզված է՝ եթե համացանցում լատինատառ հայերեն գրելու համար արգելք կիրառվի, շատերի համար սա լուրջ խնդիր է դառնալու.

«Այստեղ խնդիր ունի նաև դպրոցը, այլ հարցեր նույնպես կան՝ շատ պարզունակ բնույթի՝ լատինատառ ստեղնաշարով շատ ավելի հեշտ է տպել, որովհետև մեր տառերը մոտ երկու անգամ ավելի շատ են: Խնդիրը կլուծվի, եթե դպրոցներում սովորեցնեն նաև հայատառ տպել, որովհետև այսօրվա քաղաքականությունն արդեն պահանջում է այս երկուսի հավասարաչափ կիրառությունը: Այնպես որ, հարցին միայն ռազմահայրենասիրական լուծումներ գտնելու ուղիները շատ քիչ են, պրակտիկ մոտեցումներ են անհրաժեշտ»:

Զոհրաբ Եգանյանն ասում է, որ վերջերս վրացական մամուլից այս թեմայով հարցազրույցի հրավեր է ստացել: Պարզվում է՝ հարևան երկրում նույնպես առկա է այս խնդիրը, թեև բանախոսն ինքն իր համար պարզել է՝ լատինատառ վրացերեն գրելու տենդենցներն այդ երկրում ավելի քիչ են.

«Վրաստանում խնդրի լուծման համար բավական ակտիվ գործունեություն են ծավալում վրացական եկեղեցին և տեղի կառավարությունը: Մեզանում իրավիճակը մի քիչ այլ է, բայց ես խորապես համոզված եմ, որ անհրաժեշտություն չկա իմպերատիվ կերպով խնդրել կամ դիմել կառավարության օգնությանը, որպեսզի գոնե պետական սեկտորի աշխատողները համացանցում գրեն միայն հայատառ հայերենով, թեև Վրաստանի օրինակով նմանօրինակ կոչերը տալիս են իրենց ցանկալի արդյունքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս