«Զոհված զինծառայողի ծնողները տեղեկացվել են զինկոմիսարիատի միջոցով». Սենոր Հասրաթյան
Հարցազրույց ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանի հետ
– Պարո՛ն Հասրաթյան, երեկ որոշ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ փետրվարի 6-ին հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում ստացած զինծառայող Գոռ Գարեգինյանի ծնողները դեռևս անտեղյակ էին որդու զոհվելու փաստին, երբ ԼՂՀ ՊՆ-ի կողմից դեպքի վերաբերյալ տարածվեց հաղորդագրություն: Դա իրո՞ք այդպես էր:
– Ո՛չ, միանշանակ այդպես չէր և այդպես չէր էլ կարող լինել, քանի որ նման դեպքերում զինված ուժերում գոյություն ունի վերադասի կողմից հաստատված իրազեկման կարգ, և ըստ այդ կարգի՝ մենք զոհված զինծառայողի հարազատներին տեղեկացրել ենք կատարված դեպքի մասին: Ասեմ, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 11:00-ի սահմաններում, որից անմիջապես հետո այդ մասին բանակի օպերատիվ հերթապահի միջոցով հաղորդվել է համապատասխան տարածքային զինկոմիսարիատ: Ժամը 12:50-ին տարածքային զինկոմիսարիատից մեզ հայտնել են, որ կատարվածի մասին զոհված զինծառայողի հարազատները տեղեկացված են: Նշել են նաև, որ Գոռի ծնողները գտնվում են Ռուսաստանում, և լուրը վերջիններիս է փոխանցվել գյուղում ապրող հորեղբոր միջոցով: Այս ամենից հետո միայն՝ ժ. 14:39-ին, ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կողմից տարածվել է պաշտոնական հաղորդագրություն: Իրողությունը սա է:
– Այդ դեպքում ինչո՞վ բացատրել ԶԼՄ-ների կողմից նման բովանդակությամբ հրապարակման տարածումը:
– Իմ համոզմամբ, տվյալ հրապարակումը մեկ նպատակ է հետապնդում՝ գիտակցաբար թե անգիտակցաբար, սևացնել այն ամենը, ինչ կապված է բանակի և, ընդհանրապես, մեր երկրի անվտանգության հետ: Մինչդեռ սա անչափ հանցավոր մտածելակերպ է, և որոշ մարդիկ փորձում են այդ մտածելակերպը գործողության մեջ դնել անգամ ժողովրդի ամենանուրբ զգացմունքների վրա խաղալով… Չէի ցանկանա ավելի խորանալ, պարզապես կհորդորեմ շատ զգույշ և պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել նման տեղեկատվության հետ առնչվելիս։ Ի վերջո, կանգնած ենք իրական թշնամու առջև և գործ ունենք մարդկային ճակատագրերի և ցավի հետ։