«Ամենալուրջ մրցակցությունը լինելու է ընդդիմադիր դաշտում». քաղաքագետ
Մոտակա շաբաթվա ընթացքում կձեւավորվի համեմատաբար ավելի հանգիստ ներքաղաքական դաշտ, որտեղ ուժերը զբաղված կլինեն քննարկումների, որոշումների գործընթացով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Նախընտրական պայքարը մտնում է ամենահետաքրքիր փուլերից մեկը, քանի որ մինչև փետրվարի 16-ը քաղաքական ուժերը պետք է արդեն ներկայացնեն պատգամավորների ցուցակները, և կարծում եմ այս պահին քաղաքական ուժերի ներսում տեղի են ունենում տեղերի, ընտրատարածքների հետ կապված բաժանումները, ինչից հետո մենք արդեն կունենանք ակտիվ իրական քարոզչական արշավ»,-ասաց նա:
Քաղաքագետը ներքաղաքական դաշտում որեւէ լուրջ ինտրիգ այս պահին չի ակնկալում՝ չնայած չի բացառում նաեւ այն, որ կախված նախընտրական արշավի ընթացքից՝ վերջին պահին ինչ-որ քաղաքական ուժեր կարող են միավորվել և բաժանվել:
«Համենայն դեպս, ձևավորված նախընտրական դաշտ արդեն ունենք: Կարծում եմ՝ ամենալուրջ մրցակցությունը լինելու է ընդդիմադիր դաշտում, իսկ Հանրապետական կուսակցությունն ունի իր լծակները, իր ընտրազանգվածը, որին դժվար թե հավակնեն այլ քաղաքական ուժեր: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ Արթուր Բաղդասարյանի, Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժերը փորձելու են աշխատել, այսպես կոչված, համակարգային ընդդիմության դաշտում և մրցակիցներ են լինելու: Ավելի ռադիկալ և դասական ընդդիմադիր դաշտում են ՀԱԿ-ը եւ «Ելք»-ը, ինչպես նաև, ըստ իս, այդտեղ կփորձի ա շխատել Սեյրան Օհանյանի քաղաքական ուժը: Հատուկ դեր է խաղում Դաշնակցությունը, որը ետխորհրդային Հայաստանում ունի իր շատ յուրօրինակ և կայուն ընտրազանգվածը»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը: