«Ամեն մեկիս համար արդեն իսկ կառուցված ՙ ինչ- որ տեղ պահպանվում է մեր անձնական տվյալներ պարունակող պրոֆայլը». Կիբերանվտանգության մասնագետ
«Անձնական տվյալների պաշտպանվածության» օրվա կապակցությամբ այսօր ասուլիս էր հրավիրվել, որի առանցքային թեման Հայաստանում անհատական տվյալների պաշտպանության համակարգի խնդիրներն էին, ոլորտի ձեռքբերումները և թերությունները:
Ասուլիսին մասնակցում էին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ՍՊԸ տնօրեն Սամվել Գևորգյանը և «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Անձնական տվյալների պաշտպանվածության առնչությամբ հասարակությանը հուզող առաջնային խնդիրները մի քանիսն են:
«Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը առաջնային խնդիրներից մեկն է, մասնավոր և հանրային սեկտորներում տեսահսկումը խնդիրներից երկրորդն է, որը կարգավորման կարիք ուներ: Պրակտիկան ցույց է տվել, որ խնդիր է նաև անցանկալի հաղորդագրությունների ստացումը քաղաքացիների կողմից: Խոսքն այն հաղորդագրությունների (sms) մասին է, որոնք քաղաքացին ստանում է առանց համաձայնության և պատկերացում չունի, թե երբ կամ ինչ ճանապարհով են իր հեռախոսային տվյալները հայտնվել հաղորդագրություն փոխանցող ընկերության մոտ: Սրանք դեռևս անցյալ տարվա ընթացքում ուրվագծված ցուցանիշներ են, որոնք Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից դեռևս անցյալ տարվանից նախանշված էին՝ որպես թիրախներ»,- ասում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը և հավելում, որ գործակալության կողմից առանձնացվել են ստարատեգիկ ոլորտներ, որոնցից մեկն ու կարևորագույնը «Փափուկ իրավունքի ձևավորումն» («soft law») է, որի նպատակն է՝ իրազեկել մարդկանց անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող խնդիրներին:
Տվյալների արտահոսքի և պատասխանատվության ձևերի, ինչպես նաև դաշտի կարգավորման ներկայիս հուսալի միջոցների մասին իրազեկվելու խնդիրները մանրամասնեց ասուլիսի բանախոս , «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ՍՊԸ տնօրեն Սամվել Գևորգյանը.
«Ամենաառաջնային բացը, որի հետևանքով կիբերանվտանգության ոլորտում խնդիրներ են առաջանում, միանշանակ, իրազեկման խնդիրն է, որը սկսվում է դպրոցներից, որոնց համար արդեն ունենք մշակված ծրագիր: Նախատեսվում է, որ այն առաջին անգամ կանցկացվի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում, որից հետո ծրագիրը հաջողությամբ մեկնարկելուց հետո կտարածվի նաև այլ դպրոցներում:
Անձնական տվյալների պաշտպանվածության մասով տեղեկատվական դասընթացների երկրորդ փուլը կներառվի նաև համալսարանական կրթության ծրագրերում: Ամերիկյան համալսարանում, օրինակ, ծրագիրն արդեն ներկայացվել և հավանության է արժանացել:
Երրորդ փուլում կրթական ծրագիրը կներառի արդեն մասնավոր սեկտորին՝ ներառելով այն ընկերությունները, որոնք քիչ թե շատ մասնակից և պատասխանատու են ինֆորմացիայի պահպանման և փոխանցման համար: Խոսքը չի վերաբերում միայն անձնական տվյալների պաշտպանությանը, այլ առհասարակ թվային տվյալների պաշտպանությանը, այդ թվում՝ անձնական բնույթի ինֆորմացիաները»:
«Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը համոզված է՝ իհարկե, անհրաժեշտ գործ է օրենսդրական կարգավորումներով պաշտպանված անձնական տվյալները, սակայն բոլորս պետք է հասկանանք՝ այսօր անձնական տվյալները լավագույնս պաշտպանել ուղղակի հնարավոր չէ.
«Ինտերնետում ամեն մեկս ունենք մեր վարքագիծը, կոպիտ ասած՝ վարքահետքը, թե որ կայքերից ենք օգտվում, ինչ հաճախականությամբ: Բոլորիս մասին եղած տեղեկությունները, իհարկե, կուտակվում են այն ընկերությունների մոտ, որոնք հնարավորություն ունեն դրանք հավաքագրելու: Մեկ ամսվա ընթացքում հնարավոր է բացահայտել մեզանից որևէ մեկի բնակության հասցեն, եթե մենք ինտերնետից օգտվում ենք բջջային հեռախոսների միջոցով: Տվյալների վերլուծության համար այսօր հատուկ ուղղություն կա՝ «Big data», որի տրամաբանությամբ՝ ամեն մեկիս համար արդեն իսկ կառուցված և ինչ-որ տեղ պահպանվում է մեր անձնական տվյալներ պարունակող պրոֆայլը:
Իհարկե, այդ տեղեկությունները բոլորին հասանելի չեն և չեն էլ կարող լինել, բայց դա ինչ-որ տեղ կա, պահպանվում է: Հաքերները, իհարկե, կարող են հասանելիություն ձեռք բերել պրոֆայլի նկատմամբ և տարածել այդ ինֆորմացիան: Նմանօրինակ դեպքի մենք վկա դարձանք, երբ հեռահաղորդակցության ընկերություններից մեկի հեռախոսային տեղեկատուն ազատորեն հայտնվեց ցանցում»:
Մասնագետի խոսքերով՝ խուսափել անձնական տվյալների բազայում հայտնվելու վտանգից՝ տեսականորեն անհնար է, թերևս, միայն այն պարագայում, եթե հրաժարվենք ինտերնետ ծառայությունների համար օգտվել բջջային հեռախոսից, որի միջոցով էլ հավաքագրվում և պահպանվում են մարդու անձնական բնույթի տվյալները: