Թուրքիայում սպասվող սահմանադրական բարեփոխումները նոր փորձություն չեն դառնա հայ-թուրքական հարաբերությունների համար
Թուրքիայում բավականին բուռն քաղաքական քննարկումների առարկա դարձած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի 2017թ. գարնանը: Հանրաքվեի օրը հստակեցված չէ, բայց, ըստ թուրքական որոշ լրատվամիջոցների՝ այն կանցկացվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին։ Իսկ թե ինչպիսի արդյունքներով, նույն այդ թուրքական լրատվամիջոցները խուսափում են նշել, ավելին՝ պնդելով, որ Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների նախագծի աղմկոտ երկու քննարկումներն ավելացրել են սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողների բանակը։
Ըստ թուրքական «Diken» լրատվական կայքի` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում աճել է նախագահական համակարգի անցում նախատեսող սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողների թիվը: «Sonar»-ի նախագահ Հաքան Բայրաքչըի խոսքով, եթե հեղաշրջման փորձից առաջ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողները կազմում էին հարցվածների 70 տոկոսը, ապա դրանից հետո այդ թիվը հասել ու նույնիսկ մի փոքր էլ նվազել էր 50 տոկոսից: Սակայն վերջին 2 շաբաթում կրկին «ոչ» ասողների տոկոսի աճ է գրանցվում:
Սահմանադրական բարեփոխումների փաթեթի համաձայն, կտրուկ ընդլայնվելու են նախագահի լիազորությունները, փոփոխություններից հետո նրան են վերապահված լինելու երկրի բոլոր կարևոր պաշտոնների, ռեկտորների, դատավորների, զինվորականների նշանակումները։ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ քաղաքացիների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում Թուրքիան անցում կկատարի նախագահական կառավարման համակարգի։
Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» երկլեզու պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նպատակն էր 2015թ. Թուրքիայում կայացած կրկնակի խորհրդարանական ընտրություններից հետո, նա ցանկանում էր ներմուծել երկրում այս համակարգը, քանի որ 2015թ. հունիսին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարան անցավ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որի պատճառով նա կրկնակի ընտրություն նշանակեց։
Ըստ Էստուկյանի, այս համակարգն Էրդողանին հնարավորություն կտա լուրջ վերահսկողություն սահմանել երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքի վրա՝ մեծացնելով միանձնյա որոշումներ կայացնելու իր հնարավորությունները։
«Այս գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ Էրդողանը սկսեց նկատել հասարակության շրջանում լուրջ անվստահությունն իր նկատմամբ։ Հույսեր կային, որ երկրում կազմակերպված զինված հեղաշրջման փորձն էապես կավելացնի նրա այս գաղափարի աջակիցների թիվը, սակայն այդ հույսերը չարդարացան, քանի որ ընդդիմադիրների ձերբակալությունները, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ Սիրիայում, թուրք-քրդական բախումները, Արևմուտքի հետ վատթարացած հարաբերությունները, այս փոփոխությունների նախագծի քննարկումները, որոնց ժամանակ իշխող ԱԶԿ-ի անդամներն իրենց կոպիտ են դրսևորում, շարունակում են խորացնել հասարակության շրջանում առկա հիասթափությունը»,- ասաց Բագրատ Էստուկյանը։
Այնուամենայնիվ, հայ խմբագրի համոզմամբ՝ այս փոփոխությունների հանրաքվեն այդքան էլ անցնցում չի անցնելու Թուրքիայի համար, ինչպես նախորդ ընտրությունները։ Վերջինս դժվարանում է ասել, թե հայ համայնքն ինչպես է տրամադրված քվեարկել հնարավոր հանրաքվեի ընթացքում, քանի որ նման միասնական որևէ դիրքորոշում իրեն հայտնի չէ։ Խոսելով Թուրքիայում նախագահական կառավարման համակարգի հաստատումից հետո հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին՝ Բագրատ էստուկյանն ասաց, որ էականորեն ոչ մի փոփոխություն չի ակնկալում, քանի որ իշխող կուսակցությունն այսօր էլ շարունակում է իր մերժողական քաղաքականությունը։
«Այս հարցը եղել է մշտապես իր վերահսկողության ներքո, այս տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերություններն ազդված են եղել հենց Էրդողանի քաղաքականությունից, ուստի կարծում եմ, որ գալիք հանրաքվեի արդյունքները որևէ կերպ չեն ազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Այդ հարաբերություններն այսօր չկան, և հիմքեր չկան պնդելու, որ այս ուղղությամբ Թուրքիայի իշխանությունները կփորձեն առաջընթաց արձանագրել»,- ասաց նա։