«Հույս ունենք, որ անցյալի տեխնոլոգիաները չեն կիրառվի». Պյոտր Սվիտալսկին՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
«Հայաստանում անցկացվելիք արդար, լավ ընտրությունները կստեղծեն դրական մթնոլորտ ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։ Խոսելով ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման գործընթացի մասին, դեսպանն ասաց, որ այս հարցի պատասխանատուներն անցկացնում են լուրջ քննարկումներ, որոնց արդյունքներն ինքը չի կարող կանխատեսել։
«Բայց մարդիկ՝ կառավարությունը, ընդդիմությունը, մենք՝ որպես դոնորներ, փորձում ենք լավ լուծման հանգել այս դիլեմայի հարցում, քանի որ դիլեման մեծ է, որն առնչվում է գալիք ընտրություններին, ունենք երկու ամիս, բայց քանի դեռ այս քննարկումները, անկեղծ ջանքերը շարունակվում են, եկեք ձեռնպահ մնանք հանրային հայտարարություններից»,- ասաց Սվիտալսկին։ Հարցին, թե անցկացվելիք ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կանդրադառնան ՀՀ-ԵՄ ապագա հարաբերությունների վրա, դեսպան Սվիտալսկին պատասխանեց, որ ՀՀ-ում անցկացվելիք առաջիկա ընտրությունները կարևոր են լինելու առաջին հերթին՝ ՀՀ ապագայի տեսանկյունից։
Նրա խոսքով՝ ՀՀ ղեկավարությունը, մասնավորապես՝ ՀՀ նախագահը, վարչապետը, ընդդիմադիր կուսակցությունները, տարբեր առիթներով հաստատել են, որ կարևոր են համարում առաջիկա ընտրությունները ՀՀ հետագա զարգացման համար, այսինքն՝ այդ կարևորությունը գիտակցված է։
«Հայաստանում անցկացվելիք արդար, լավ ընտրությունները կստեղծեն դրական մթնոլորտ ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների համար։ ԵՄ-ն ներդրել է շատ բան այս ընտրությունների մեջ, ոչ միայն գումար, այլև քաղաքական աջակցություն, ուստի մենք ունենք խորը և հստակ հետաքրքրություն այս պրոյեկտի հաջողության մեջ»,- ասաց Սվիտալսկին։ Վերջինիս պնդմամբ՝ ԵՄ-ի համար կարևոր է ընտրական գործընթացի օրինական ընթացքը, ոչ թե արդյունքները։ Նրա որակմամբ՝ քաղաքական կուսակցությունների գործունեությունը բացառապես հայկական հարց է, որի հետ ԵՄ-ն գործ չունի։
«Մենք գործ ունենք քարոզարշավի մաքուր բնույթի հետ»,- ընդգծեց Սվիտալսկին։
Նրա խոսքով՝ կարևոր է քաղաքական կոռուպցիայի կանխումը, որի վերաբերյալ ՀՀ ԸՕ-ն հստակ դրույթներ է ներառում, ՀՀ օրենսդրությունը՝ ևս։
«Հույս ունենք, որ միջազգային չափանիշները կիրառվելու են։ Քարոզարշավի պաշտոնական մեկնարկին ուշադրություն պետք է դարձնենք, որպեսզի գործընթացը լինի մաքուր, անկեղծ, միջազգային չափանիշներին համապատասխան։ Ընտրությունների օրվա վերաբերյալ հույս ունենք, որ անցյալի տեխնոլոգիաները չեն կիրառվի, և բացասական երևույթներ չեն արձանագրվի այս նոր միջոցառումների կիրառման շնորհիվ։
Մենք՝ որպես ԵՄ, ջանքեր ենք ներդնում, հետևելու ենք զարգացումներին, բայց միջազգային հանրության տեսանկյունից կլինեն երկարաժամկետ, կարճաժամկետ դիտորդներ, տեղացի դիտորդներ, և ես կարծում եմ, որ մենք կունենանք բոլոր անհրաժեշտ գործիքները գործընթացի արդարության վերաբերյալ դատողություններ անելու համար»,- ասաց դեսպանը։
Նա հույս հայտնեց, որ իրեն տրված հավաստիացումներն իսկապես իրականություն կդառնան, և ԸՕ նորմերը չեն ծառայեցվի դիտորդների ազատության սահմանափակման նպատակին։ «Լիահույս ենք, որ քվեարկության օրն ազդանշաններ չեն լինի նրա, որ դիտորդներն ինչ-որ առումով սահմանափակված են իրենց իրավաչափ գործունեության մեջ։
Լիահույս եմ, որ լավ կանցկացվեն ընտրությունները, բայց ամեն ինչ էլ հնարավոր է, ես միշտ ժողովրդավարական, կայացած երկրների փորձն եմ օրինակ բերում, սակայն ընտրությունը երբեք կատարյալ չէ նույնիսկ կատարյալ ժողովրդավարություններում, բայց մեր լսածի համաձայն՝ կարող եմ ասել, որ գալիք ընտրությունները նոր որակ են ունենալու, վերականգնելու են շարքային ընտրողների վստահությունը գործընթացի արդարության վերաբերյալ, ընտրության արդյունքը կարտացոլի բնակչության կամքը, ուստի դա պետք է լինի մեր միասնական նպատակը՝ նոր որակ ձևավորել ընտրական գործընթացում»,- նման տեսակետ հայտնեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։